Պենտագոնը հրաժարվել է ԻՊ դեմ պայքարում գործակցել Մոսկվայի հետPanARMENIAN.Net-ը գրում է.
Անկախ նրանից, որ Ռուսաստանը պատրաստ է «Իսլամական պետության» վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել, Պենտագոնը մտադիր չէ գործակցել Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադի վերաբերյալ ռազմավարություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Միշել Բալդանսը Sputnik գործակալությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր տրամադրության տակ եղած տեղեկություններով կիսվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ` տվյալներ տրամադրելով Սիրիայում գրոհայինների օբյեկտների վերաբերյալ և նույնն ակնկալում է նրանից:
«ՊՆ դիրքորոշումը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Սիրիայի հարցւմ Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան չի հրաժարվել Ասադին սատարելու ռազմավարությունից և ամբողջությամբ չի կենտրոնացել ԻՊ դեմ պայքարի վրա»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:
Դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի խորհրդաժողովում, որին մասնակցել է 18 երկրի ԱԳ նախարար, համաձայնեցվեց Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը: Հետո կայացավ ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ միաձայն հաստատվեց Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Սիրիայի գծով ՄԱկ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել