Արդեն մի քանի օր է՝ վրացական ԶԼՄ-ներում շրջանառվում է տեղեկատվություն, որ վարչապետից հետո հրաժարական կտա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։ Ինչպես հայտնում է «Պիրվելի ռադիոն»՝ չնայած այն բանին, որ Նարմանիան դա շշուկներ է անվանում, այդ որոշումը ոչ պաշտոնապես հաստատել են իշխող կոալիցիայի ղեկավարությունում։Հաղորդվում է, որ Նարմանիայի հրաժարականի մասին որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է վարչապետի հրաժարականի պատճառով։ Նշվում է, որ իշխող շրջանակներում դժգոհություն կա՝ կապված քաղաքապետի աշխատանքի հետ, իսկ կոալիցիայի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն վաղուց է դժգոհություն արտահայտում։
Իշխող կոալիցիայի վարկանիշի համար պատասխանատվությունը հիմնականում ընկնում է Ղարիբաշվիլիի ու Նարմանիայի վրա։ Նաև հաղորդվում է, որ քաղաքապետի աշխատանքին առնչվող դժգոհությանն ավելացել են նաև կոռուպցիոն սկանդալները, ձերբակալությունները քաղաքապետարանի կառույցներւմ, չկանոնակարգված ենթակառուցվածքը, խափանված մրցույթներն ու կոռուպցիոն սխեմաները։
Թբիլիսիի քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն։ Հրաժարականից հետո 60 օրում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



