2015-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունը ներկայացուցչական կազմով Երևանում մասնակցեց 100-ամյակի միջոցառումներին՝ ընդգծելով հավատարմությունը հումանիստական արժեքներին: Այդ առիթով Հայ եկեղեցին դուրս եկավ դարերով քարացած վիճակից և սրբադասեց ցեղասպանության զոհերին: Համեմատաբար ակտիվ էին նաև քաղաքացիական նախաձեռնությունները՝ կառավարությանն անխնա քննադատելով: Հակակառավարական տրամադրությունները բարձրակետին հասան հունիսին, երբ ցույցեր կազմակերպվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Մի քանի օր շարունակ փակվեց Բաղրամյան պողոտան: Հասարակության ճնշմամբ կասեցվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, իսկ մի քանի ամիս անց ՀԷՑ-ի նոր սեփականատերը որոշեց սպառողների մի մասի հոսանքի գինը թողնել նույնը: 2015-ը հատկապես նշանավորվեց նոր սահմանադրության ընդունմամբ, որով հանրապետությունը դարձավ խորհրդարանական՝ ժողովրդավարության զարգացման և համակարգային փոփոխությունների ճանապարհ հարթվեց, սակայն ընտրակեղծիքների մասին բողոքները որոշ առումով ստվերեցին բարեփոխումը: Տարվա ընթացքում հակառակորդն ավելի հաճախակի և լկտիաբար խախտեց հրադադարը, ունեցավ և պատճառեց մարդկային տասնյակ կուրուստներ: Միջնորդները ջանում էին զինադադարի խախտումները բացառելու գործուն մեխանիզմներ գտնել, սակայն Բաքուն մերժում էր կառուցողական բոլոր առաջարկները: Բանակցային հանդիպում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, սակայն սահմանային լարվածությունը չնվազեց: Ի վերջո, ուշագրավ էր Նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության գագաթաժողովում, որտեղ հիմնավոր քննադատություն հասցեագրվեց դաշնակցային պարտականություններից ջայլամաբար խուսանավող ՀԱՊԿ երկրների ղեկավարներին:
Տա Աստված, որ 2016-ն անցնի խաղաղ-անցնցում, և վիճելի հարցերը լուծվեն ոչ թե ուժով կամ սպառնալիքով, այլ բանակցությամբ ու երկխոսությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել