Հետաքրքիր դինամիկա եմ նկատում Իրանի արտաքին քաղաքականության մեջ. իսլամական հանրապետությունը փորձում է սանձել արաբական գարնան արգասիքները և ավելին՝ սկսել ուղղորդել այն։
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Իրանի կողմից հղված ողջույնը Եգիպտոսի «Եղբայր մուսուլմանների» նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի՝ հաջողությամբ պսակվելու կապակցությումբ։ Այս հանրաքվեի արդյունքում իսլամիստների ներկայացուցիչը հանդիսացող նախագահ Մուրսին ստանում է գրեթե անսահմանափակ ավտորիտար իշխանություն և գերակա դեր է ստաձնում մնացած պետական մարմինների հանդեպ։
Իրանն իր հերթին ասես խրախուսում է Եգիպտոսին էլ ավելի արմատական փոփոխություններ անել, որպեսզի ի վերջո Եգիպտոսի ներքաղաքական տրանսֆորմացիան կերտի իսլամական կրոնապետություն՝ ինչպես Իրանում է։ Մուբարաքի օրոք, Եգիպտոսը խզել էր կապերը իրանի հետ դեռ 1979 թվականից, և դրանք վերականգնվեցին մենակ Մուբարաքի անկումից հետո, և այժմ հարաբերությունները միայն ջերմանում են։
Եթե Իրանին հաջողվեց իր մտահղացումը կյանքի կոչել, ապա սա կխառնի ԱՄՆ-ի ողջ խաղաթղթերը տարածաշրջանում, որովհետև Մեծ Մերձավոր Արևելքի 3 ամենահզոր տերություններից երկուսը կարող են միավորել իրենց ջանքերը՝ չնայած կոնֆեսսիոնալ տարբեր պատկանելիությունների (Իրանում իսլամի Շիա հոսանքն է գերիշխում, իսկ Եգիպտոսում՝ Սուննի հոսանքը) և այդ դեպքում հաջորդ տրամաբանական քայլը կլինի Արաբական թերակղզում իրենց գերիշխանության հաստատումը՝ ի հաշիվ ԱՄՆ դաշնակիցների՝ նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի և Կաթարի։ Մյուս կողմից կսասանվեն ինչպես Թուրքական ազդեցությունը, այնպես էլ ամբիցիաները։
Քաոսի հետ խաղ անելու վտանգն էլ հենց սրանում է, ու սա մղձավանջ է ԱՄՆ-ի համար, քանի որ անգամ ղեկավարվող քաոսը կարող է դուրս գալ տիրապետության տակից և բերել անկանխատեսելի արդյունքների։ Այս զարգացումները դեռ շատ ջուր կքաշեն։
Կից նյութն`այստեղ