Ամանորի նախօրեին ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է գների էժանացում և զեղչեր, Հայաստանում ճիշտ հակառակն է. սպառողական շուկայում գները բարձրացնում են: Եվ, ինչպես ամեն տարի, թանկացումը սկսվել է հավկիթների շուկայից: Ու գիտե՞ք՝ որն է «խնդալուն», հերիք չէ՝ մարդկանց զեղչով գոնե չեն ուրախացնում, դեռ մի բան էլ «ափաշքյարա» գրում են նախկին էժան գինը՝ վրան խաչ քաշած, կողքին՝ նորը, արդեն թանկ: Մինչդեռ սովորաբար մարդկանց գրավելու համար ընդունված է թանկ ու էժան գները համեմատության մեջ դնել՝ առավելությունն էժանի կողմը թեքելով և ոչ թե թանկի: Սա էլ ժողովրդի վա ծիծաղելու նոր ձև է. ձվերի էժան գնի վրա՝ 50 դրամ, խաչ են քաշել, կողքին գրել թանկը՝ 55 դրամ: Եվ այս կարգի զավեշտ վանաձորյան որոշ կետերում ոչ միայն հավկիթների բնագավառում է, այլև կոնֆետների. 1800 դրամի վրա խաչ են քաշել, կողքին գրել՝ 2000 դրամ: Ոնց որ ասեն՝ «Այ տենց, դե գնացեք, լավ ենք արել, թանկացրել ենք»: Գոնե սուսուփուս թանկացրեք, որ աչք չծակի: Ի դեպ, դեռ ՏՄՊՊՀ-ն չի՞ հայտարարել, որ «ձվի շուկան վերահսկվում է»: Երևի տոներից հետո կհայտարարի ու իր ՏՄՊՊՀ-ի խոսքը կասի: Իսկ վանաձորյան առևտրի կետերում ընդամենը մեկ շաբաթում հավկիթների գները հասան 60-70 դրամի և, թերևս, էլի կաճեն: Մրցավազքն սկսվեց հատկապես այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ տնտեսական հաղորդումներում նշվեց, որ գործարանները ձուն բաց են թողնում 49 դրամով, ու դրանից հետո արդեն ինչքան 45 դրամանոց ձու կար՝ դարձրին 50 դրամ, հիմա էլ 50-ը սարքեցին 55 դրամ և ավելի: Այժմ սկսվել է կողոպուտի հերթական փուլը. դավադրաբար արժեզրկված տարադրամի կուրսը կրկին սկսել են «քիչումիչ» բարձրացնել ու մի թանկացում էլ կուրսի փոփոխման պատճառաբանությամբ անեն: Կեցցեն ազատ ու անկախ Հայաստանն ու «բրախված» գները, կեցցե տնտեսական «մաֆիան», որ ձեռքն անընդհատ ժողովրդի սպառողական զարկերակի վրա է պահում ու տնօրինում շուկայական բոլոր ոլորտները: Իսկ ՏՄՊՊՀ-ն թող դեռ ուսումնասիրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել