Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ մենք ինքներս ոտնձգություն ենք անում մեր, իսկ տեսակի նկատմամբ: Հաճախ հագուրդ տալով այն «ժամանակակից» կոչվածին, որն ավելի հաճախ ժամանակավոր է, մենք կորցնում ենք այն գանձերը, որոնք մեր հավերժի գրավականն են, որոնցով ենք մենք որպես տեսակ գոյատևում:
Եվրոպային ճարտարապետական, գիտական, գրական և այլ բազում հանճարեղ ստեղծագործություններ տված, տարբեր ասպարեզներում եվրոպական դպրոցի հիմքը մատնանշած ազգը այնպիսի մոլագարությամբ է ձգտում ինտեգրվել եվրոպական «ընտանիքին», ինչպիսի մոլագարությամբ անհնար է պատկերացնել երկրային դրախտ երազող ամենամոլի հավատացյալի մոտ:
Մենք պատրաստ ենք կորցնել մեր տեսակի լավագույն նմուշները: Հավատացած եղեք, որ «աշխարհի» պահանջը իրենց անբաժանելի մասը` իմա իրենց տեսակը դառնալու համար, միմիայն մեր տեսակը կորցնելն է:
Այնպիսի ստորաքարշությամբ, աղոթքի նմանվող ստրկական մրմունջով ենք փորձում կատարել Եվրոպայի պահանջները, որ չենք էլ հասկանում, որ մեզ նման քաղաքական մուրացիկներին, եթե օգնում էլ են, ապա ոչ գթությունից, այլ առավել զզվելուց: Եվ մեր պետականությունը նման մտայնությունից եթե արդեն չի վերածվել, ապա շատ շուտով կվերածվի «բուտաֆորիայի»: Ինչպիսի փութաջանությամբ ենք կատարում պահանջները, առանց կշռադատելու պահանջվածի վնասակարության և այդ ամենի հետևանքում վաստակվող նոր, փայլփլուն խոստում-փաթեթավորումով կապանքների ծանրությունը:
Իսկ եթե Եվրոպան վաղը պահանջի նույն անուն-ազգանունը (Գվիդոնյան Գվիդոն) կրել, դե նրանք հայրանուն չեն էլ պահանջի, հայրանունն անգամ իրենց համար պատմություն է, և մեր տեսակը վերհիշեցնող մի հերթական «ատրիբուտ», ինչից ժամ առաջ պետք է ձերբազատվել: Ախր հայրանունը մեր հիմնական կապող օղակն է մեր տոհմի, ազգի և մեր պատմության հետ: Իսկ հիշել քո պատմությունը, չկորցնել քո տեսակը արդեն ոճրագործություն, մահացու մեղք է ընդդեմ եվրոպական «ընտանիքի»: Իսկ եթե քո պրպտուն միտքը չի կարողանում ընդունված ձևով մտածել, ապա դու ճահիճ հիշեցնող անդորրը խափանող ու խռովարար կճանաչվես:
Մենք այս ամենով ոտնձգություն ենք անում մեր իսկ ստեղծած գանձերի նկատմամբ, որոնցից շատերը նույն Եվրոպան մեծ հաճույքով իրենցը կհայտարարեին, եթե փոքր-ինչ հիմքեր ունենային: Մենք կարծես նաև պարտավորություններ ենք վերցրել, որպեսզի պարենք մեր կյանքն ու հոգիները ողողող տեղաշորային շարժումներով պարերը, մեծագույն հաճույքով աղբարկղ նետելով մեր` հազարամյակների փորձություն բռնած պարերը, որոնք ոչ միայն պար են, այլև գաղափարախոսություն, կենսակերպ և ի վերջո պատմություն:
Եվ երևի հանճարեղ Կոմիտասը, այդքան ուսանելով Եվրոպայում, «իմաստություն չունեցավ» ինտեգրվելու Եվրոպայի հետ և փութաջանորեն տքնելով` վերականգնեց խազերը, հայ բազմադարյա երաժշտությունը մաքրեց օտարամուծություններից, դարերի փոշուց և համակարգելով նրան նոր փայլ տվեց: Վերականգնեց Հովհաննես Ղուլ Երզնկացու «Կռունկը», որը մինչ օրս հիացնում է այդ նույն աշխարհին: Երևի նա մեր չափ չհասկացավ կամ մենք չհասկացանք, որ չկա հին ու նոր, այլ կա ընդամենը հավերժ և ժամանակավոր, որը հիմարաբար ժամանակակից ենք կոչում:
Եվրոպան շատ հանճարներ է տվել (Մակեդոնացի, Կեսար, Նապոլեոն…)` զրնգացող անուններով (գիտեք` ինչն է զրնգում ավելի ուժեղ), որոնք, եթե երբևէ հայտնվել են «ձիու վրա», ապա իրենք են իրենց արձանը կերտել, արձան, որի պատվանդանը բազում արատներից էր ստեղծված, և որոնց միացնող շաղախը լոկ մարդկային արյուն է եղել:
Այլ են մեր հանճարները (Նժդեհ, Կոմիտաս…), և, ցավոք այլ ենք մենք: Եվ եթե նրանք համեստությունից իրենք իրենց արձանը չեն կերտել, մենք էլ ոչ միայն զլացել ենք, այլև, մեր էպոսի համաձայն, պատրաստել ենք Ագռավաքարեր (մեկին` «խորհրդահայ» բանտի նկուղները, մյուսին՝ փարիզյան հոգեբուժարանի սենյակը): Չհասկացանք, որ նրանք չկերտեցին իրենց արձանը, և իրենք իրենց պատվանդան դարձրին մի ամբողջ ազգ վեհացնելու համար: Հասկացան, որ արձանի արժանին միայն ազգն է, իսկ նրա պատվանդանը իրենց նման անարատ, բազմաբնույթ հանճարներով պսակված անհատներից պետք է կերտվի, իսկ շաղախը ազգայինն է` արվեստը, լեզուն, գաղափարախոսությունը… Եվ կործանում է նշանակում շաղախի անտեսումն ու մերժումը:
Իսկ մտածել ենք արդյոք այն սերունդի մասին, որ մեզնից հետո է գալու: Ում մենք հայրանուն և հայանվան հետ պատմություն ու մեր տեսակն ենք տալիս: Մտածել ենք այն մասին, որ նրանք մեր արատապատկերումն են հայելու մեջ, և շատ հաճախ մենք ինքներս վերածում ենք այդ արատապատկերումները ծիծաղի սենյակի հայելիների մեջ առաջացնող պատկերների, դիմանկարների, իսկ երբեմն, փշրելով այդ մեզ ընդհանրացնող հայելիները, ծնում ենք մերօրյա ընդիմությունը:
Այս պատկերի լրացումն է մեր իրական մտավորականության բացակայությունը (անհարգելի) և ստամտավորականության ճռճռացող, օսլայացած ճառերը և այդ ճառերի ստվերում նրանց «ստվերային» ապրելակերպը: Հավատացնում եմ ձեզ, որ «ստամտավորականություն» բառը ստեղծող մեր հանճարին կրթվածությունն ու բարձրագույն հատկանիշները միայն թույլ չեն տվել ավելի խիստ, բայց մերօրյա մտավորականության ճշգրիտ բնորոշող բառեր ստեղծել:
Մենք այդպես էլ չհասկացանք հանճարի այն բառերի իմաստը, որը շատերը ընդունում են օտարը ապազգայնամոլով, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ է ընդունել օտարը, ապա միայն անցկացնելով ազգային մաղի միջով: Ահա այն իրականությունը, որով հնարավոր է դուրս չմղվել հավերժի մայրուղուց:
Հավատացե’ք` մեր արվեստը, լեզուն, գաղափարախոսությունը այն զրահն են, որի վրա կփշրվեն մեր ազգին դեպի ուծացում տանող բոլոր «համաշխարհային նկրտումները»:
Մտավորականության սթափվելու, սեփական գոյության վերաարժևորման և օրհասական պահի իրատեսական գնահատման ժամն է: Եվ այս ամենը գիտակցելուց հետո նաև ահազանգ հնչեցնելու առաքելությունը մտավորականությանն է տրված:
Եվ ինչքան շուտ մենք հասկանանք մեզ ամենքիս բաժին հասած առաքելության կարևորությունը և ինքնամերժմամբ գործի լծվենք, այնքան շուտ` օր առաջ, կկանգնենք փրկարար ուղու վրա:
Խենթության հասնող իմաստություն է անհրաժեշտ, որ հասկանալով այս ամենհրաժեշտ, որ հասկանալով այս ամենը` շարունակենք ապրել և հանդգնենք նույնիսկ հավերժի շարունակությունը եղող նորը (չշփոթել ժամանակակից կոչված ժամանակավորի հետ) արարել: Խոնարհվելով միայն հացահատիկը կարող է վերադառնալ դեպի հողը` համոզված, որ իրենից կատարյալ, նոր ծիլ է տալու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/338506289590908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել