PanARMENIAN.Net-ը գրում է.
2016-ի մարտի 21-ից 29-ը Հայաստանի հավաքականը նախատեսում է երկու ընկերական հանդիպում անցկացնել Երևանում:
ՀՖՖ-ն ներկայում բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ: Արդեն նախնական համաձայնություն կա Բելառուսի հետ և հավանական է, որ առաջիկա օրերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն ընկերական հանդիպում անցկացնելու մասին, գրում է Armsport.am-ը:
Հայաստանի հավաքականը պատրաստվում է ընկերական հանդիպումներ անցկացնել նաև 2016-ի մայիսի 30-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում: Հավանական է, որ այդ ընթացքում Հայաստանը ԱՄՆ-ում կմրցի ԿՈՆԿԱԿԱՖ-ը ներկայացնող ընտրանիների հետ:
Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ ազգային թիմը մասնակցելու է ԱԱ-2018-ի ընտրական փուլին: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականները: