Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա, հայոց քաջերն են:

Քանի՜-քանի՜ անգամ ենք լսել այս երգի տողերը, սակայն այդ երգի իմաստը և որակը արժեքազրկվեց անբարոյական մարդկանց ջանքերով: Ֆիդայիների տեսակի և որակի մասին կցանկանայի ներկայացնել, քանի որ եղել եմ վկան այդ ամենի, և այդ ամենի արդյունքը եղավ այն անբարոյական մթնոլորտը, որը տիրում է մեր քաղաքական դաշտում: Շատ անհայտներ և գաղտնիքներ են թաքնված այդ ամենի ետևում, սակայն հիմա ժամանակն է, որ կարողանանք ետ նայելով շտկել ժամանակի գործած սխալները: Չնայած որ պատերազմից անցել է շուրջ քսան տարի, սակայն այդ գաղտնիքների և տառապանքների սպիները ավելի են խորանում և դառնում սարսափելի: Թող ինձ ներեն իմ մարտական ընկերները և ազատամարտիկները, քանի որ ես ազգի զինվորին չեմ տալիս որևէ որակավորում, նրանք մեր պատմության սուրբ մասունքներն են, որոնք մնացել են անարատ և նրանց մասին ավելորդություններ թույլ տալը ինձ համար սրբապղծություն կլինի: Կցանկանայի միայն խոսել ֆիդայիների մասին, իհարկե զերծ մնալով նրանց համեմատելուց Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղած ֆիդայիներին: Այդպիսով ֆիդայիների մասին խոսելով՝ կցանկանայի նրանց ներկայացնել այն երանգներով, որոնց մասին մեր երիտասարդ սերունդները անգամ պատկերացում չունի: Այդպիսով, ֆիդայիների առաջին տեսակը, այդպես ասած, «ասֆալտի ֆիդայիններն» են, թե ինչ ցեղախմբին և որակին են պատկանում նրանք, դատեք ինքներդ, ես միայն արձանագրում եմ փաստերը: Ղարաբաղյան շարժման ժամանակ դեռ ինչպես միշտ թաղերում կային «թաղի լավ» տղերքի տեսակ, որոնք քաղաքականությունից ու հայրենասիրությունից շատ հեռու էին, այսինքն «պպզող թքող» և մականունավոր տղերքից: Նրանց տեսակի համար անծանոթ բառեր էին Ղարաբաղի հարց, քաղաքականություն, ցեղասպանություն, Հայկական հարց և նման տիպի այլ բաներ: Իսկ 1989 թվականի սկզբին, երբ Ղարաբաղյան շարջումը դարձավ արդեն հեղափոխական պայքար, և զինված ջոկատների հրամայականը արդեն պարտադրված քայլ էր հանրապետությունում, հայրենասեր տղաների կողմից ստեղծվեցին կամավորական զինված ջոկատներ՝ պաշտպանելու հանրապետության սահմանների և Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Սակայն այդ ամենին հանդերձ երկրում կարծես թե գերիշխանությունը անցնում էր այդպես նոր հայտնված նոր ֆիդայական շարժման մասնակիցներին, որոնց ժողովուրդը սիրում էր և հարգում էր արժանվույնս: Սակայն այդ ժամանակ թաղերում «պպզած» տղերքը, կարծես թե արդեն օգտվելով քաղաքական այդ քաոսից, որոշում են իրենց հերթին դառնալ «ֆիդայիներ» և օգտվել, այդ անվան տակ գռփել և թալանել, նրանցից շատերը հայտնվեցին ՀԱԲ- ում կամ էլ իրենց «պպզող կռուգով» ստեղծեցին սուտի - մուտի ջոկատներ և սկսեցին կողոպտել, ինչպես որ կարող էին: Ոստիկանները այդ ժամանակ ծպտված էին և անգամ վախեցած, քանի որ հանցագործների մոտ ավելի շատ զենք և զինամթերք կար, քան իրենց: Չնայած այն բանին, որ մինչև հիմա շատ ու շատ մարդիկ, կուրծքները ծեծելով, հայտարարում են, որ այդ տարիներին իրենք զենք ու զինամթերք են բերել Հայաստան: Կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդպիսի մարդիկ եղել են, սակայն մատների վրա հաշված և հիմա այդպիսի մարդիկ անգամ այդ մասին լռել են և լռում են: Իսկ ինչ վերաբերում է սահմանամերձ շրջաններին և Արցախի ինքնապաշտպաններին զենք հասցնող պատգամավորներից ոչ մեկին գրեթե ոչ մի ազատամարտիկ չի հիշում, քանի որ այդ ժամանակ նրանց ոչ մեկ զենք և զինամթերք չի հասցրել, իսկ թե ո՞ւմ համար են զենք բերել այդ հարգարժան պարոնները գուշակեցեք ինքներդ: Շարունակելով ասեմ, որ հենց այդտեղ էլ սկիզբ դրվեց «Ասֆալտի ֆիդայիների» գործունեությանը, սակայն այս անունը մտավ գործածության մեջ քիչ ավելի ուշ: Այդպիսով, թաղի պպզող և թքող տղերքից` քրեական տարրերից, սկիզբ դրվեց այդ տեսակը, որոնք կարծես թե «կռվող տղու» անվան տակ կարող էին անձեռնմխելի լինել, ինչպես իրենք են ասում «մլիցեքից հեռու»: Նրանք դառնալով «ֆիդայիներ» սկսեցին համազգեստով և զենքով ազատ շրջել քաղաքում, առևանգել մեքենաներ և խանութներ բենզալցակայաններ, հասկանալով, որ իրենք են ժամանակի տերը, քանի իշխանությանները անզոր են, հարկավոր է արագ գործել, այդ էր պատճառը, որ հանրապետության տարբեր շրջաններից կողոպտվում էին մեքենաներ և հասարակական օբյեկտներ: Այդ «Ասֆալտի ֆիդայիների» տեսակը մի ժամանակների Մաուզերիստներն էին, որոնք գործում էին առանց քաղաքական և մտավոր հայացքների՝ միայն իրականացնելով սեփական կարիքները: Սակայն ՀՀՇ-ականների համար կարծես նպաստաբեր պայմաններ էր ապահովում այդ իրավիճակը, բայց իսկական հայրենասեր տղաները, տեսնելով այդ ամենը, փորձեցին վերահսկել իրավիճակը, և այդ ժամանակ բոլոր ջոկատների միավորվելով ստեղծվեց մի ռազմական խորհուրդ, որը կարող էր վերահսկել այդ անկանոն իրավիճակը: 
Ստեղծվեց ՄՈՒՇ-ը, որը իրենից ներկայացնում էր Միացյալ Ուժերի Շտաբ, այսինքն (Սամսոնը «Ոժդը» և «Շռամ» Սամոն)՝ բոլոր ջոկատները համաձայնագրով պարտավորվում էին վերահսկել իրենց ենթակա զինյալ ջոկատները՝ անգամ իրականացնելով Երևանում պարեկային ծառայություն, հայտնաբերելու համար այդ քրեական խմբավորումներին: Ինչ-որ առումով քրեական այդ խմբերը խուսափում էին առճակատման գնալ ֆիդայիների հետ՝ հասկանալով, որ նրանց համար գողական օրենքներ և քրեական հեղինակություններ չկան և ցանկացած ժամանակ կստանան իրենց արժանի պատիժը: Որոշ առումով ՄՈՒՇ-ի պարեկային ծառայության շնորհիվ քաղաքում դադարեցին հանցագործությունների քանակը: Սակայն այս իրավիճակը կարծես ձեռնտու չէր ՀՀՇ-ական ղեկավարներին, նրանք փորձեցին ՄՈՒՇ-ի նախաձեռնությունը իրենց ձեռքն առնել, իրենց իսկ կողմից հովանավորվող այդպիսի «Ասֆալտի ֆիդայիների» ջոկատների կողմից գիշերային փոխհրաձգություններ և կրակահերթերը սկսեցին ահաբեկել ազգաբնակչությանը և վերջապես պետական որոշում կայացվեց ՀԱԲ կազմակերպության զինաթափումը, և դա նախօրոք ծրագրված քայլ էր: Սակայն չմանրամասնեմ այդ իրադարձությունների խրոնիկոնը, միայն նշեմ, որ ոչ միայն ՀԱԲ-ում էին անդամագրված քրեական երևույթները, այլև ՀՀՇ-ականների խմբավորումների մեջ: Սակայն այդ ցածր գիտելիքներով խմբավորումները ձեռնտու էր մարդկանց, որոնք հետագայում, օգտագործելով նրանց կարողությունները, ցանկացան հասնել ինչ-որ բարձրունքների, քանի որ հասկանում էին, որ նրանց օգտագործելը իրենց նպատակների համար ավելի հեշտ է: Չնայած մի քանի անգամ ազատամարտիկների` այդ ժամանակ ֆիդայիների և հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ եղան բախումներ, սակայն այդ տարրը զգաց, որ նրանց հնարավորությունները անբավարար են հայրենասեր տղաների հետ առճակատման գնալու համար և տեղի տվեցին: Սակայն դա երկար չտևեց. նրանք իշխանության վերին օղակներում կարողացան խնամի-բարեկամի միջոցով ամրացնել իրենց դիրքերը: Հետագայում այդպիսի մարդկանց օգտագործելով՝ նրանց հասցրին անգամ գեներալական կամ հրամանատարական բարձր պաշտոոնների: Իզուր չէր, որ այդ «Ասֆալտի ֆիդայիները» հետագայում բացի իրենց պաշտոններից նաև դարձան հասարակական սննդի օբեկտների տնօրեններ և այնուհետև տնօրեններ: 
ՀԱԲ-ի զինաթափումից և Երկրապահ կառույցը ուժեղացնելուց հետո «Ասֆալտի ֆիդայիները» ստացան պետական հովանավորում, ինչպես ասացի նրանք երկրի բարձրագույն ղեկավարների կողմից ստացան հովանավորում և անգամ ՆԳՆ համակարգում՝ միլիցիայում, ստեղծվեցին «Ասֆալտի ֆիդայիների» մի քանի ջոկատներ: Շատերին ծիծաղելի կթվան այս խոսքերը, սակայն փաստերիրց չենք կարող հրաժարվել: Պատկերացնում եք «միլիցա ֆիդայիները», անգամ եփած հավի ծիծաղն էլ կգա՝ լսելով այս խոսքերը: Այն, որ «Ասֆալտի ֆիդայիների» գործը իրենից ներկայացնում էր յուղոտ պատառ, դա կներկայացնեմ հետագայում: Բացի դա՝ Երևան քաղաքի քաղաքային պատգամավորների ընտրությունների ժամանակ շատ «Ասֆալտի ֆիդայիները» ՀՀՇ-ականների ղեկավարների առաջարկով ներկայացվեցին Քաղխորհուրդի պատգամավորները՝ հասկանալով, որ ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեն ֆիդայիները, և իրոք որ չսխալվեցին: Ժողովուրդն էլ որպես հայրենասեր զինվորի և մարտիկի նրանց ընտրեց, պատգամավորները, չիմանալով, որ նրանք հենց այն «Ասֆալտի ֆիդայիներ» են, որոնց անունը սկսվել էր շոշափվել ամենուրեք: Այդպիսի «Ասֆալտի ֆիդայիները» անգամ չգիտեին Հայաստանի սահմանի տեղը: Ասֆալտի ֆիդայինի նպատակը մեկն էր՝ վարկաբեկել և արժեքազրկել ժողովրդի աչքին հայրենիքի իսկական զինվորի կերպարը, ժողովրդին ամեն ձևով՝ ահաբեկելով և որակազրկելով ժողովրդի համար սուրբ դարձած ֆիդայի անունը: 
Հատված «Հայկական Արխիպելագ Գուլագ» հոդվածից

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել