Սովորաբար, նվաճողական պատերազմներն ընթացել ու ընթանում են առանց հայտարարելու: Երբեմն հայտարարել են այն դեպքերում, երբ երկու և ավելի երկրների միջև ինչ-որ խնդրի շուրջ չի հաջողվել բանակցային ճանապարհով հասնել հանգուցալուծման, և հրապարակային դիմել են հակառակորդ երկրին, որ խնդրին կտան ռազմական լուծում:
Ուխտադրուժ են համարվել այն պատերազմները, երբ երկու և ավելի երկրների միջև գոյություն է ունեցել համաձայնագիր, որը կողմերից մեկն անսպասելի խախտել է զինված հարձակմամբ:
Իսկ սովորաբար պատերազմները սկսում ու ընթանում են առանց վեհ և ասպետական հայտարարություւների: Ուղղակի ինչ-որ մի ազգ կամ երկիր ոտնձգություն է անում մյուսի հանդեպ:
Ադրբեջանը մեզ երբեք պատերազմ չի հայտարարել, բայց արդեն շուրջ 24 տարի է՝ պատերազմում է մեզ հետ: Որոշ տարիներ՝ լայնամասշտաբ ու հարձակողական մարտերով, որոշ տարիներ էլ՝ պասիվ գործողություններով:
Հենց միայն 1994 թվականի զինադադարն արդեն հուշում է, որ պատերազմը չի ավարտվել: Զինադադար տրվում է պատերազմի այն ժամանակահատվածում, երբ կողմերը որոշում են մի պահ կանգնեցնել մարտավարական գործողությունները և փորձել խնդրի հանգուցալուծման շուրջ բանակցել:
1994 թվականից առ այսօր բանակցում ենք, հետևաբար անցած 21 տարին դիտվում է զինադադարի շրջան: Ճիշտ է՝ հրադադարի ռեժիմի տեղային խախտումներով, բայց շրջանը համարվում է զինադադարային, քանի որ չեն կիրառվում մարտավարական 2 հիմնական ձևերից մեկը՝ հարձակումը: Զինադադարի ժամանակ երկու կողմերն էլ գտնվում են մարտավարական մյուս հիմնական ձևի՝ պաշտպանության մեջ:
Վերջին 2 տարում, առավել ևս՝ վերջին ամսում, առաջացել է հիբրիդային իրավիճակ. կարծես թե զինադադարը շարունակվում է, քանի որ ոչ մի կողմ պաշտոնապես չի հրաժարվել բանակցային գործընթացից, բայց միևնույն ժամանակ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, սկսել է էլ ավելի կոպիտ խախտել հրադադարի ռեժիմը և կիրառել կրակային այնպիսի միջոցներ, որոնք բնորոշ են մարտական գործողություններին, ինչպես նաև իրականացնել դիվերսիոն այնպիսի գործողություններ, որոնք նմանվում են հարձակողական մարտին: Սրա արդյունքում մյուս՝ հայկական կողմը կիրառում է այնպիսի մարտավարական գործողություններ, որոնք բնորոշ են պաշտպանողական մարտին կասեցնել հակառակորդի հարձակողական դիվերսիոն խմբերին, ինչպես նաև՝ բացահայտել ու ոչնչացնել հակառակորդի այն հենակետերն ու կրակային միջոցները (թեկուզ և՝ խորքային), որտեղից կազմակերպում և իրականացնում են դիվերսիաները, գնդակոծումներն ու ռմբակոծումները:
Հետևաբար, հիմա պետք չի տագնապահարույց խուճապային տրամադրություններ սերմանել հանրության մոտ, որ պատերազմ է հայտարարվել: Չի հայտարարվել ու դժվար էլ հայտարարվի, քանի որ շուրջ քառորդ դար ընթացող հայ-ադրբեջանական պատերազմն այսպես թե այնպես չէր ավարտվել: Ուղղակի վերջին շրջանի գործողություններից ելնելով՝ պետք է փաստել, որ իր բոլոր հետևություններով ու գործընթացներով, փաստացի, այլևս չկա 1994 թվականից հայտարարված զինադադարը:
Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկն ու մեկը (բնականաբար՝ ոչ մենք) կհանձնվի կամ երկկողմանի համաձայնությամբ կհայտարարվի վերջնական խաղաղություն:
Իսկ մինչ այդ չմոռանանք հայտնի ճշմարտությունը. «ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ»:
ԵՂԻՑԻ՛ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել