Լրագրող |
Մեր երկիրը հենց այնպիսին է, ինչպիսին մենք ենք ցանկանում, որ լինի:
Երկիրը վերածվել է մեծ աղբարկղի, իսկ այդ աղբարկղի հեղինակները հենց մենք ենք, որովհետեւ երկրի դիմաց մեզ պատասխանատու չենք համարում:
Հեռանում ենք երկրից, որովհետեւ մեզ այս երկրի տերը չենք համարում:
Ծխում ենք ազգովի՝ մեկ միլիոն մարդ, Հայաստանի բնակչության մեկ երրորդը: Ամեն օր միջինը մեկ դոլար եւ տարեկան ամենաքիչը մեկ միլիոն դոլար մոխրացնում ենք ազգովի, որովհետեւ հայրենիքի, մեր երեխաների ու գալիք սերնդի նկատմամբ մեր պարտքերի տերը չենք:
Համատարած ռաբիզ է տիրում երկրում՝ ռաբիզ սերիալներ, ռաբիզ երգեր, ռաբիզ շոուեր, ռաբիզ նիստ ու կաց, ռաբիզ հագ ու կապ, որովհետեւ մեզ մեր հայկական մշակույթի կրողը չենք համարում:
Գյուղացիները լքում են հայրական օջախները, վաճառում են տուն ու տեղ, հող ու տարածք, որովհետեւ նրանք այլեւս անհարմար են զգում հող մշակել չարչիների այս ժամանակաշրջանում:
Կանայք բռնության են ենթարկվում, որովհետեւ նրանց ենթագիտակցության մեջ հայ կինը սերտորեն աղերսվում է տանջանքին ու բռնությանը:
Դպրոցի տնօրենը դրամահավաք է կատարում, որովհետեւ ծնողները վախենում են խուսափել այդ հակաօրինական քայլից:
Մարդկանցից կաշառք են վերցնում, որովհետեւ կաշառք տվողները դեռ չեն գիտակցում այդ քայլի բացասական հետեւանքների մասին:
Շենքերի միջանցքները փլվում են բնակիչների գլխին, որովհետեւ մարդիկ դեռ իրենց միջանցքների սեփականատերը չեն համարում:
Երկրում փոփոխությունները կրիայից ավելի դանդաղ են շարժվում, որովհետեւ մարդիկ դեռ պատրաստ չեն հրաժարվելու «յոլլա»-ի ու «թքած»-ի մշակույթից:
Մարդու իրավունքներից ենք խոսում ու առիթը բաց չենք թողնում ուրիշ մարդկանց իրավունքները ոտնահարելու, որովհետեւ մեզ տանն այդպես են սովորեցրել, որովհետեւ դպրոցում սովորեցրել են ճնշել թույլերի իրավունքները:
Մասնակից ենք դառնում ամանորյա գնումների վարակիչ մոլուցքին, որովհետեւ քաջություն չունենք խուսափել առևտրի տենդից:
Ամանորյա սեղանների և սառնարանների պարունակության մեծ մասն ի վերջո հայտնվում է աղբանոցում, որովհետեւ փող տնօրինելու գիտելիք չունենք ու չենք էլ փորձում մտածել այդ ուղղությամբ:
Ընտրությունները առջեւում են, ընտրակեղծիքից կտրտջանք ու մասնակից կլինենք նույն այդ կեղծիքներին:
Այսքանից հետո չե՞ք կարծում, որ մեր երկիրը հենց այնպիսին է, ինչպիսին մենք ենք ցանկանում, որ լինի: