PanARMENIAN.Net-ը գրում է.
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` նախարարության ենթակայության տակ գործող մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն՝ հունվարի 4-5-ին, 8-10-ին դրանք կաշխատեն ժամը 12:00-17:00-ն: Նպատակը ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելն ու զբոսաշրջիկների համար հայկական մշակույթը հասանելի դարձնելն է:
Երևանում կաշխատեն Հայաստասնի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Ե. Չարենցի տուն-թանգարանը, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը, Հովհ. Թումանյանի, Ս. Փարաջանովի, Եր.Քոչարի, Ռուսական արվեստի թանգարանները:
Կաշխատեն նաև «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները և Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Երևանը ներառվել է ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում` ըստ Travel.ru տուրիստական սերվիսի: Հայաստանը հայտնվել է նաև երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան (2500 ռուբլի) երկրների ցանկում: Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա: