Բերդաքաղաք Եփրատ գետի աջ ափին` Փարզման վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա: Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել: Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ:
11-րդ դարի 2-րդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև` Գող Վասիլի հայկական իշխանություններին: Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրնեին: 1151-ին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն: Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ: Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին:

Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը: Հայոց թագավոր Լևոն Ա Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին: Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն: Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը: Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել