Այն, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տերմինաբանության մեջ պետք է օգտագործել «պատերազմ» և ոչ թե «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք, դարձավ օրվա թիվ մեկ հիստերիայի առիթը: Բայց չէր խանգարի մի պահ սառը դատել ու հասկանալ, որ, ըստ էության, Ա. Հովհաննիսյանը նորություն չի ասել, պարզապես իրերն իրենց անուններով է կոչել: Հետևաբար, ավելորդ եմ համարում անտեղի խուճապն ու «կասկեքով» դիվանին նստած սոցցանցերում ողբերգություն սարքելը: Եթե այս հայտարարությունը պետք է խուճապ ու հիստերիա առաջացնի, ապա միայն Բաքվում, ինչը որ այդպես էլ կա: Ավելին` եթե մեզ` ասֆալտաբնակներիս համար «պատերազմ» բառը նորություն էր, ապա սահմանամերձ գյուղերում ապրող 6 տարեկան երեխան անգամ գիտի, որ իր առջև թշնամի է կանգնած, ու պատերազմն էլ քթի տակ է: Հիմա էլ հարց է առաջանում, թե ինչու հենց այսօր բարձրաձայնվեց այդ մասին: Դրա պատասխանն էլ կա. մի քանի փսլնքոտ այս օրերին կոկորդ էին պատռում, թե մեր զինվորներն անիմաստ զոհվում են սահմանում: Հիմա թող հասկանան, որ անիմաստն իրենք են, իսկ զինվորը կենաց-մահու կռիվ է տալիս սահմանին, որ իր նմանները խաղաղ ապրեն ու ամբախ-զամբախ դուրս տան: Այնպես որ, խնդրում եմ, հորդորում, որ զգոնության կոչը չխառնեք երկչոտության հետ: Այո՛, կռիվ ունենք սահմանին, այո՛, մի բուռ ազգ ենք, բայց որ բռունցքվեցինք, վայն եկել է, տարել թշնամուն: Կրկնում եմ` այս հայտարարություններից առաջին հերթին մտահոգվելու առիթ ունի Բաքուն, ինչու չէ, նաև ՀՀ անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը: Իսկ մենք հաղթանակած երկիր ենք, թող պարտվողը մտածի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել