Ինձ հարկավոր է երեք տեղեկանք, որ 1. հոգեկան հիվանդություններով երբեք չեմ տառապել և չեմ տառապում, 2. նարկոլոգիական կախվածությամբ (հիվանդություններով) երբեք չեմ տառապել և տառապում և 3. տուբերկուլյոզով երբեք չեմ տառապել ու չեմ տառապում: Անկեղծ ասած` վերջինը ես չգիտեմ, թե ինչ է, բայց գիտեմ, որ դա ոչ թե առողջապահության նախարարության, այլ իմ մեղքն է և հենց` մեղքն է: Ինչ վերաբերում է առաջինին և երկրորդին, ապա ես գիտեմ, որ նման հիվանդություններ երբեք չեմ ունեցել, բայց դա պետք է ապացուցել, ինչն անելու համար գնացել էի բնակությանս վայրը` Աբովյան քաղաք, տեղի պոլիկլինիկա: Ընդունարանում պարզվեց, որ «անկետա» չունեմ, և ինձ ուղարկեցին համակարգչային բաժին` պարզելու, գուցե ունեմ, ուղղակի տանն եմ պահում, ու էնքան ցանցառ եմ, որ «անկետան» տանը թողած` եկել եմ պոլիկլինիկա: Հանգիստ տարա, բանն այն է, որ կյանքում շատ հաճախ պետք է ապացուցես, որ հոգեկան հիվանդ չես, որ նարկոման չես, ու որ ցանցառ չես: Համակարգչայինում տորթ էին ուտում, չնայած ընդմիջման ժամ չէր: Մի կերպ ասացի, թե ինչ եմ ուզում, մի կերպ լսեցի, թե ինչ են ասում ու հասկացա, որ ես ոչ միայն իսկապես «անկետա» չունեմ, այլև երբեք չեմ ունեցել: Անմիջապես սկսեցի շոշափել գլուխս՝ գուցե գլո՞ւխ էլ չունեմ և երբեք չեմ ունեցել, դե այսինքն` ծնված չեմ ու երբեք էլ չեմ ծնվել: Գլուխս տեղում էր, հանգստացա, ուրեմն ծնված եմ, ուղղակի «անկետա» երբեք չեմ ունեցել, ճիշտ է՝ առանց «անկետա»-ի, փաստորեն, գնացել եմ մանկապարտեզ, դպրոց, բանակ, այսինքն՝ բոլոր այս տեղերում մարդիկ մտածել են, ոչինչ, որ տղան անկետա չունի, նա մեզ պետք է: Հետաքրքրվեցի, թե լավ, ուրեմն կարո՞ղ եմ արդյոք հանել «անկետա», և եթե այո, ապա ինչպե՞ս: Ասացին, որ դրա համար պետք է պանճենահանեմ անձնագիրս և սոցքարտս: Փառք Աստծո, երկուսն էլ մոտս էին: Պանճենահանեցի և գնացի ավագ քրոջ մոտ, ինչպես ինձ ասել էին համակարգչայինում: Կինն անմիջապես և շատ սիրալիր խնդրեց, որ ժամը 13-ին գամ, քանի որ այս պահին մեր տեղամասի բժշկուհին տեղում չէ: Ժամը ուղիղ 13-ին նորից մտա ավագ քրոջ մոտ, նա ինձ ուղեկցեց մեր թաղամասի բժշկուհու մոտ, նա էլ վերցրեց անձնագրիս և սոցքարտիս պատճեններն ու խնդրեց, որ անձնագրովս գնամ ընդունարան, այնտեղից «անկետա»-ի դատարկ գրքույկ վերցնեմ, ապա նորից բարձրանամ իր մոտ (իսկ իր մոտ հերթ է, ու ամեն անգամ սենյակից դուրս գալով՝ կրկին պետք է զրոյից հերթ կանգնել), իսկ ինքն այդ ընթացքում պատճենով կձևակերպի «անկետա»-ս: Գնացի, պարզվեց՝ ընդունարանում ընդմիջման ժամ է: Իմիջիայլոց, ընդունարանում աշխատում են երեք հոգի, և երեքն էլ միառժամանակ հաց էին ուտում, ընդ որում` հենց թափանցիկ պատուհանի հետևի մասում, ընդ որում, ընդունարանի դիմաց հերթի առաջացման պարագայում: Քանի որ ես դաստիարակված մարդ եմ և հաց ուտելուց չեմ խանգարում, սպասեցի մի 15 րոպե, ճիշտ է՝ այդ ընթացքում մտածեցի, իսկ հնարավոր չէ՞ արդյոք երեքից մեկը հետո հաց ուտեր, որպեսզի քաղաքի միակ պոլիկլինիկայի ընդուրանարում գոնե մեկը լինի աշխատող: Ստացա դատարկ գրքույկը և բարձրացա վերև` թաղամասի բժշկուհու մոտ: Պարզվեց՝ սենյակի դիմաց ոչ միայն հերթն ավելացել է, այլև բժշկուհին դուրս է եկել սենյակից, դուռն էլ բանալիով փակ է: Եվս 20 րոպե սպասեցի: Եկավ, մտա մոտը, պարզվեց, որ պատճենով անկետայիս համար գրառումներ չի արել, ինչպես խոստացել էր, նոր սկսեց անել, ամբողջ աշխատանքը տևեց 30 րոպե, ընդ որում, մինչև մասնագիտությունս իմանալը նա իմ հետ դու-ով էր խոսում, հետո, երբ իմացավ, որ լրագրող եմ, Դուք-ի անցավ: Ես, քանի որ միշտ էլ գիտեի, որ նա բժշկուհի է, միշտ էլ նրա հետ Դուք-ով էի խոսում: «Անկետա»-ս պատրաստ է, հիմա պետք է անցնեմ բուն նպատակիս իրագործմանը... Այսինքն՝ ստանամ երեք տեղեկանք: Գնացի սկզբում հոգեբույժի և նարկոլոգի մոտ (չգիտեմ՝ այդպիսի մասնագիտություն կա՞ արդյոք, թե՞ ոչ): Իհարկե հերթ էր, ընդ որում, մեկը հարբած էր եկել, որպեսզի ոչ միայն բուժվի կախվածությունից, այլև որ ապացուցի, որ կախվածություն ունի, էլ անալիզ չտա էլի... Հերթս հասավ 45 րոպեից: Մտա ներս, երկու հոգի են նստած, ասում եմ` «Բարև Ձեզ, գիտե՞ք՝ ինձ տեղեկանք է պետք...» ու ուզում եմ շարունակել, թե ինչի մասին և ինչու, մեկ էլ բժշկուհիներից մեկը` «անձնագիր և զինգրքույկ տվեք` տանք»: Ասում եմ, եղբայր, ավելի ճիշտ, հարգելի բժշկուհի, անձնագիր կտամ, անգամ կարող եմ կազմը հանել` նոր տալ, բայց այ զինգրքույկ չեմ բերել, տանն է, և ինձ ոչ ոք չի ասել, որ տեղեկանք ստանալու համար պետք է նաև զինգրքույկ ներկայացնել, ավելին՝ ձեր շենքի ոչ մի պատին չկա ծանուցում, թե քաղաքացին տեղեկանք ստանալու համար ինչեր պետք է բերի: Ասում է` «դե դա նրանց խնդիրն է, ովքեր Ձեզ չեն տեղեկացրել»: Ասում եմ, իսկ ովքե՞ր պետք է ինձ տեղեկացնեին, որ չեն տեղեկացել, ասում է` «բժիշկները», ասում եմ` իսկ Դուք մասնագիտությամբ ի՞նչ եք... Ասացի և հեռացա, վաղը նորից եմ գնալու, արդեն զինգրքույկովս, իսկ մինչ այդ խնդրում եմ առողջապահության նախարարությանը շարունակել վերանորոգել հատկապես մարզային պոլիկլինիկաների շենքերը և ոչ միայն շենքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1060611600645330
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել