Երեկ Սարյան 25 հասցեում իր դռները բացեց «Պեպո» ձկան տունը: Խանութում ներկայացված է էկոլոգիապես մաքուր ձկնամթերքի լայն տեսականի, որն առանձնանում է իր բարձր որակով և կատարյալ համով: Ձկնարտադրանքի տեսականին շատ բազմազան է` կենդանի ձկից մինչև ծխեցված ձկնամթերք, կիսապատրաստուկներ և պահածոներ, ինչպես նաև ձկան համար անհրաժեշտ սոուսներ և բանջարեղեն: Քանի որ ձկան տունը կոչվում է «Պեպո», կարմիր ժապավենն էլ կտրեց Պեպոն, ով հյուրերին հրավիրեց համտեսելու համեղ ձկնատեսակները:

«Այստեղ վաճառում ենք այն ամենը, ինչ Հայաստանում է արտադրված, և այն, ինչ տեղում ենք վերամշակում: Ձկան տանը կգտնեք վերամշակված այնպիսի ձկնատեսակներ, որոնք այլ խանութներում չեք գտնի: Ձկան տունը համալրված է սեփական ծխեցման համակարգով, մենք ունենք գերմանական տաք և սառը լավագույն ծխեցման համակարգերը»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է «Պեպո» ձկան տան հիմնադիր ընկերության գլխավոր տնօրեն Էդվարդ Գևորգյանը և խոստովանում, որ ինքը սիրում է սառը ծխեցրած ձուկ:

«Պեպո» ձկան տանը կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլև համտեսել յուրահատուկ բաղադրատոմսերով պատրաստված նրբաճաշակ ուտեստները: Իսկ Ֆրանսիայից ժամանած խոհարար Րոմեն Բուվիեն վստահեցնում է` ուտեստները կլինեն հայկական և ֆրանսիական նրբաճաշակությամբ. «Ես արդեն երկու տարի է՝ ապրում եմ Հայաստանում, աշխատում եմ որպես շեֆ-խոհարար: Այստեղ պատրաստելու ենք ձուկ, բայց ֆրանսիական ոճով, ունենք հայկական ձուկ` իշխան, որը շատ համեղ է: Հայկական խոհանոցը շատ համեղ է, պատկերացրեք՝ ինչ համեղ կլինի, եթե ուտեստների մեջ ներդնենք ֆրանսիական նրբաճաշակությունը»:  

Սրահում հնչող դասական երաժշտությունը, սպիտակ և կարմիր գինիները տրամադրում էին և՛ լավ երեկոյի, և՛ մի կտոր ձուկ համտեսելուն: Ներկաներին առաջարկում էին նագեթներ, կոտլետներ, նրբաբլիթներ, ռուլետներ, դե իհարկե՝ այս ամենը տարբեր ձկնատեսակների համով: Ձուկը համարվում է վիտամիններով հարուստ ուտեստ, դա ևս մեկ անգամ փաստեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, ով ուրախ էր, որ Երևանում բացվել է նման վայր. «Ձկան մեջ կան անփոխարինելի նյութեր, որոնք մեր օրգանիզմում չեն արտադրվում, իսկ դրանք լրացնելու համար շաբաթական երկու անգամ ձուկ ուտելը միայն խրախուսելի է: Մինչև հիմա ձուկը երևի թե այնքան էլ հասանելի չէր, քանի որ շուկայում տարօրինակ ձևով աճեցրած ձկներ կային: Շատ ուրախ եմ, որ տեղական ձկնատեսակներն են լինելու: Լինելով ոչ ծովային երկիր՝ մենք ամեն դեպքում կարողանում ենք ապահովել բնակչությանը ձկով»:

Նշենք, որ «Պեպո» ձկան տունը ցերեկային ժամերին աշխատելու է որպես լանչ-բար, իսկ երեկոյան` որպես գեղեցիկ և հաճելի ժամանցի վայր։ Ձկան տան անձնակազմը ձգտում է Հայաստանում ձևավորել ձկան օգտագործման նոր մշակույթ` կիրառելով վաճառքի և սպասարկման նոր մոտեցում: Ձկնեղենի սիրահարներին սպասվում է ևս մեկ անակնկալ. բազմատեսակ ճաշացանկից ընտրված յուրաքանչյուր ուտեստ կարելի է պատվիրել առաքումով:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել