Ուզում եմ մի հարց տալ բոլորիդ: Հա, մի զարմացեք, սովորաբար հարցերի պատասխան տվողը, ով միայն լսում է ու ավելորդ հարցերով չի ծանրաբեռնում իր հետ շփվողներին, այսօր ուզում է ինքը պատասխան ստանալ:
ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ: Այո, այո հենց այն, ինչ կարդացիք, ինչո՞ւ ես չեմ աշխատում: Գուցե ես տգետ եմ, չզարգացած, գուցե անկապ խոսում եմ, առանց բառերս կշռելու, գուցե անդաստիարակ եմ ու անհարգալի վերաբերմունք եմ ցուցաբերում դիմացիններիս հանդեպ: Գուցե անգրագետ կամ անհետաքրքիր եմ գրում: Գուցե… Երկար չթվարկեմ, որ չհոգնեք ածականների ու որոշիչների առատությունից:
Բոլորդ էլ երևի գիտեք, որ աշխատել եմ խաչբառերի ու սկանվորդների թերթում, որպես խմբագիր: Պարզ է չէ՞, որ դրա համար ավելի մեծ ու լայն պաշար է պետք ունենալ, ավելի ճկուն միտք, քան ուղղակի թեմատիկ հոդվածներ գրելու համար: Խնդրում եմ ոչ ոք չնեղանա այս խոսքերիս համար, ես սա ուղղակի համեմատելու համար եմ ասում: Աշխատելուս վերջին տարիներին ես շաբաթական 7 (յոթ) սկանվորդի թերթ էի ուղարկում տպարան: Նշեմ, որ այդ բոլոր թերթերի նաև տեխնիկական աշխատանքները՝ սկսած դիզայնից, էջադրումից, ֆոտոներ գտնելու ու մշակելու բարդ գործից (այն ժամանակ ինտերնետն այսպիսին չէր, քրքրվում էի մի հարմար նկար գտնելու համար), մինչև շաբաթվա կանխատեսումներ անելն ու գեղարվեստական էջի համար պատմվածք գրելը, անում էի միայնակ: Ինչևէ, ես դա անում էի ու հաճույք էի ստանում իմ աշխատանքից (վարձատրության մասին հարց չտաք, կամաչեմ պատասխանել): Հետո տեղի ունեցավ այն, ինչն իմ կյանքը քանդուքարափ արեց բառի բոլորի իմաստներով: Ես ինձ կորցրել էի, շատ լուրջ հոգեբանական ցնցում տարա: Այդ ընթացքում տնօրենը որոշեց, որ ես այլևս իրեն պետք չեմ ու ինձնից ազատվելու լավագույն ելքը գտավ, մի օր կանչեց ու ասաց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ու պիտի աշխատավարձս կիսով չափ կրճատի: Ամեն ինչ հասկացա, իրերս հավաքեցի ու եկա տուն: Մի երկու ամիս հետո սկսեցի ինտենսիվորեն աշխատանք փնտրել, մտածում էի, որ իմ փորձն ու ունակությունները հաստատ ուրիշներին էլ պետք կգան: Բայց… հանդիպում էի ասենք այսպիսի հայտարարությունների՝ պահանջվում է Corel Draw ծրագրի մասնագետ, ուղարկեք CV և ազատ ոճի երկու լուսանկար: Հարց է առաջանում, ազատ ոճի լուսանկարն ինչիդ է պետք: Չէ՞ որ մարդը նստելու է համակարգչի առաջ ու գործ անի: Հետո սկսեցի հրատարակչություններին դիմել, էլի անարդյունք: Հասավ նրան, որ (շարունակությունը կարդալուց առաջ շունչ քաշեք, ըհը, այ հիմա անցեք առաջ) ես հայտնվեցի մի արտադրամասում, որտեղ արևածաղիկ էին բովում: Ինձ տվեցին ամենալուրջ գործը, պետք է սերմերը մաքրեի աղբից: Առաջին իսկ օրվանից ես գլոբալ սթրեսի մեջ էի, որովհետև օրը սկսվում էր «թաթուլարմենչիկավլե» ոճի երգերով ու ավարտում դրանով: Աշխատակցուհիների հետ զրուցելու գրեթե յուրաքանչյուր փորձ ձախողվում էր, քանի որ անընդհատ հարցնում էին՝ էդ բառը, որ նոր ասեցիր, ի՞նչ էր նշանակում: Երդվում եմ, ես երբեք, ոչ մեկին չեմ ուզեցել զարմացնել, բայց մեղավոր չեմ, որ իմ առօրյա խոսակցականում կան այնպիսի բառեր, որ ոմանց անծանոթ են: Ինչևէ, կար բաղձալի ընդմիջման ժամը, երբ ես կարող էի միջանցքի բազմոցին նստել ու գոնե հեռու գտնվել այդ ռաբիԶագոռ պատուհանից: Այդ ընթացքում մտածում էի մի հոդվածի շուրջ, որ պիտի գրեի իմ լավ ընկերներից մեկի առաջարկով: Հանում էի բլոկնոտս ու գրառումներ անում, որ չմոռանամ, մինչև գամ տուն: Առաջին օրը ոչ ոք ոչինչ չասաց, երկրորդ օրը գնացին, եկան հարցրին սա ի՞նչ է, բացատրեցի, երրորդ օրն արդեն խեթ էին նայում, մի խոսքով մեկ շաբաթը չլրացած, արտադրամասի տնօրենն ինձ կանչեց ու ասաց, որ իմ այնտեղ աշխատելը նպատակահարմար չէ: Եկա տուն ու մեկի տեղը երկու հոդված գրեցի, առաջարկվածը՝ կրոնական թեմայով, մյուսն էլ իմ էպոպեան արևածաղկի մաքրման ոլորտում: Արդյունքում մի հոդվածի համար կրկնակի ավելի հոնորար ստացա, քան մեկշաբաթյա տառապանքի համար: Այս ամենից հետո ուղղակի հոգնեցի, խռովեցի աշխարհից, որ էսպես ծուռ է, գործատուներից, որ իրենց շրջապատում են էնպիսի մարդկանցով, ում ֆոնին կարողանան փայլել, ում պետք են միայն ծիծիկատուտուզային մակարդակի աշխատակցուհիներ, շատ բան հասկացա ու խելոք սկսեցի սպասել իմ կյանքի ավարտին:
Հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ բազմոցին պառկած առաստաղին նայելով, մեկ է չեմ մեռնում, ուրեմն պետք է ապրել: Սուիցիդալ մտքերս մի կերպ ցրելու համար սկսեցի ինտերնետը քչփորել: Հետո հայտնվեցի այստեղ, նորից սկսեցի մտքերս արտահայտել:
Էլի սուս կմնայի: Ուղղակի վերջերս շատերն են ինձ հարցնում՝ ախր ո՞նց է հնարավոր, որ Դուք չեք աշխատում: Դե հիմա ես չեմ, դուք եք, ասեք, ինչի՞ չեմ աշխատում: Ու իմ նման էլի լիքը մարդ կա...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/495814297108519
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել