Իհարկե, դեռ պետք է ապացուցել, բայց...
Հայաստանի նախագահի ու էն մի հոգավորի հանդիպումն, իհարկե, լրահոսում ուշադրության կենտրոնում էր, ինչը, թերևս, բնական է: Հնարավոր է, որ նաև այդ պատճառով, գումարած հանգստյան կամ կիսահանգստյան օր լինելը, այս լուրը, որ ուրիշ ժամանակ պայթած ռումբի տպավորություն կթողներ, այսօր մի տեսակ աննկատ մնաց: Մինչդեռ, Վահան Շիրխանյանն ամենևին էլ այն պերսոնան չէ, ում ձերբակալությունն աննկատ մնա: Անձնավորություն, ով վերջին 20-25 տարիներին այս կամ այն կերպ առնչվել է պետական ղեկավար գործունեությանը, ունեցել բարձր պաշտոններ, զբաղվել է քաղաքական գործունեությամբ:
Անկախ այն բանից, թե մեզանից ամեն մեկը Վ.Շիրխանյանի հանդեպ ինչ վերաբերմունք ունի կամ չունի, նրա ձերբակալությունը, այն էլ նման աղմկահարույց գործով ու կասկածանքով, իսկապես ոչ միայն մտորելու տեղիք է տալիս, այլև ստիպում է որոշ բաներ հիշել:
Հարկավ, նախ դեռ պետք է քննությունը հանրությանը և, իհարկե, առաջին հերթին հենց ձերբակալվածին ու, եթե բանը դրան հասնի, դատարանին կոնկրետ ապացույցներ ու հիմնավորումներ ներկայացնի, կասկածը մեղադրանքի վերածի կամ չվերածի: Կարճ ասած՝ անմեղության կանխավարկածը եկեք հարգենք՝ կոնկրետ այս մասով սպասելով նոր տեղեկությունների:
Բայց մյուս կողմից, որքան որ հայտնի է այս ընթացքում տարածված տեղեկություններից, Նորք-Մարաշում վնասազերծված խումբը, ավելի ճիշտ՝ այդ խմբի ղեկավար նշվող անձը պլանավորում էր զենքի գործադրմամբ ներթափանցել ՀՀ կառավարության շենք՝ կառավարության նիստի պահին ու հեղաշրջման փորձ կատարել: Համարյա՝ Նաիրի Հունանյան-2:
Եվ ի՞նչ միտս եկավ: Որքան հիշում եմ, 1999 թվականի չարաբաստիկ ու ողբերգական հոկտեմբերի 27-ին, երբ ստահակներն իրենց սև գործն արել էին, երբ զոհերի մարմինները դեռ արնաշաղախ ընկած էին ԱԺ պատանդառված դահլիճում, այն ժամանակ ըստ էության փոխվարչապետ Վահան Շիրխանյանը փորձեց միանգամից իր ձեռքը վերցնել իշխանությունը: Ընդ որում, նա այդ ծանր օրը մի քանի ժամ շարունակ հիմնական հրահանգներ տվողի դերում էր զգում իրեն: Բայց Շիրխանյանի այդ կայծակնային փորձն այն ժամանակ, այսպես ասենք, չանցավ: Ընդգծում եմ՝ ես ոչինչ չեմ պնդում կամ փոխկապակցում, պարզապես վերհիշում եմ:
Ըստ որում, վերհիշում եմ և իմ՝ 2000 թվականին հրապարակված մի հոդված, որտեղ շատ կոնկրետ նշել էի, որ վարչապետ Վազգեն Սարգսյանից խիստ նեղված էին իր շրջապատում ու կառավարության մեջ հայտնված որոշակի ազդեցիկ դեմքեր (տնտեսական բլոկի), քանզի նրան՝ Վազգեն Սարգսյանին, հստակ զեկուցել էին տվյալ անձանց ինչ-ինչ չարաշահումների մասին, ըստ որում, այդ հոդվածում նշել էի, որ իր վարած կառավարության վերջին նիստում Վ.Սարգսյանն անզգուշություն էր ունեցել ուղիղ տեքստով իր դժգոհությունն ու զայրույթն արտահայտել: Այդ հոդվածից հետո ինձ զանազան պաշտոնյաներ սկսեցին հավաստիացնել, թե նման բան չի եղել, սակայն այդպես էլ չներկայացրեցին կառավարության մեր ասած նիստի ձայնագրությունը: Չներկայացրեցին այն նույնիսկ այն պայմանով, որ միայն լսենք և չհրապարակենք։
Ինչևէ: Սպասենք իրադարձությունների, ինչպես ասվում է՝ զարգացմանը:
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել