Իրականում մարդն ունի միշտ ճշմարտությունը բարձրաձայնելու պարտականություն, նաև անտեղի ճշմարտությամբ չվնասելու պարտականություն: Այս երկու պարտականություններն էլ իրականում սահմանափակում են խոսքի ազատությունը, բայց ոչ իրավականորեն, այլ բարոյապես: Մարդը միշտ ստիպված է լինում ընտրել չարի և բարու միջև, այդ թվում՝ մի կողմից՝ ճշմարտությունը բարձրաձայնելու քաջության, մյուս կողմից՝ շահավետ ստախոսության, ստորաքարշ քծնանքի կամ խոսքի ազատության այլ բացասական դրսևորումների միջև:
Ճշմարտության գլխավոր թշնամին այսօր ոչ թե խոսքի ազատությունը իբր սահմանափակող բռնապետություններն են, այլ կեղծիքը հովանավորող մեծ փողերը: Այսօր մարդկանց լռեցնելը գործնականում անհնար է, փոխարենը հեշտ է ճշմարտության ձայնը կեղծ աղմուկի մեջ կորցնելը: Հեշտ է նաև ուղեղներ լվալը, քարոզչության կամ գովազդի միջոցով մարդկանց պատկերացումներում ճշմարտությունը կիսաճշմարտությամբ ու կեղծիքով փոխարինելը:
Ուստի, ճշմարիտ պետությունը խոսքի, այդ թվում կեղծիքի ազատությունը պաշտպանելու փոխարեն պետք է ճշմարտությունը հովանավորելու և կեղծիքը սահմանափակելու պարտականություն ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել