Անկախություն նշանակում է անկախ պետություն և ոչ թե անկախ ազգ, ինչպես շատերիս ենթագիտակցության մեջ է նստած դեռ ԽՍՀՄ-ից։ Հայաստանի անկախ հանրապետությունը կշարունակի կաղալ այս մոլորակի վրա, քանի դեռ հայերը չեն գիտակցել, որ պետությունն ազգից պետք է տարբերել։ Ազգային դրույթներով ուղղորդված շարժումը միշտ լինելու է ընդդեմ աշխարհի մյուս ազգերի՝ ի վնաս պետության։ Պետությունն ուրիշ հարթություն է, որտեղ մարդկային իրավական հարաբերություններն են շեշտվում, ոչ թե միջազգային փոխհարաբերությունները։ Որևէ մեկի մտքով անցնում է, թե ինչպես օրինակ ԱՄՆ–ը, լինելով բազմազգ ու բազմակրոն պետություն, ունենալով 51 նահանգներ, չի թուլանում ու չի պառակտվում, և այնտեղ գործում են ընդամենը 2 կուսակցություն, իսկ մեր միատարր պետությունը, որի քաղաքացիների գրեթե 100 տոկոսը նույն ազգից են ու նույն կրոնին են դավանում, չի կարողանում հզորանալ, և գործում են 70–ից ավելի կուսակցություններ։ Ինչո՞ւ է մեր երկիրը նման այն հայտնի առակի միջի սայլին, որը քաշում են կարապը, խեցգետինը և գայլաձուկը, և սայլը տեղից չի շարժվում։ Իսկ մենք դեռ ապրում ենք «հայ ենք մենք» սկզբունքով՝ մոռանալով, որ արդեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք մենք» սկզբունք գոյություն ունի։
Դրա համար էլ այս պետությունը դեռ կաղում է, թույլ է ու նվազ ու դեռ կմնա այդպիսին, քանի դեռ չենք գիտակցել անկախ պետության դերակատարումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/886834694758062?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել