Permyakov3Araratnews.am-ը գրում է.

Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, այսօր տեղի ունեցավ 2015թ-ի հունվարի 12-ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության գործով դատական առաջին նիստը: Սպանության համար մեղադրվողը ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Դատական նիստը նախագահողը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, որն էլ որոշում է կայացրել գործի քննությունն անցկացնել արտագնա դատական նիստում՝ Գյումրիում տեղակայված   102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում:
«Մեր Հայաստանի Հանրապետությունը դատարան չունի՞: Ինչքա՞ն պիտի ռուսներին գերի մնանք: Ըսիգ ի՞նչ երկիր է: Շատ ամոթ մեր Հայաստանի Հանրապետությանը, ամոթ մեզի»,- որոշման հետ կապված այսօր իրենց դժգոհությունն էր արտահայտում զոհվածների իրավահաջորդներից Ռիտա Պետրոսյանը:
Բացի վերը նշվածից՝ դատական նիստի ընթացքում առաջացան նաեւ մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հարուցեցին ինչպես Ավետիսյանների իրավահաջորդների, այնպես էլ նրանց ներկայացուցիչների  դժգոհությունը:
Նախ նշենք, որ զոհերի իրավահաջորդների փաստաբանները նիստին ներկայացան մոտ 30 րոպե ուշացումով: Բանն այն է, որ ոստիկանները նրանց թույլ չէին տվել իրենց մեքենան մոտ  կանգնեցնել ռազմաբազային:
«Պահանջում էին մեքենան բավականին հեռավորության վրա կանգնեցնել եւ ոտքով մոտենալ ռազմաբազային, ինչը մեզ համար անընդունելի էր: Հայտարարեցինք, որ ուղղակի նիստին չենք մասնակցի, եթե նման պայմաններ ապահովեն»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Դատավարության անցկացման պայմանների և տեղի հետ կապված միջնորդություն դատավորը թույլ չտվեց ներկայացնել: Նշեց՝ դա կարող են անել հաջորդ դատական նիստի ընթացքում, մինչդեռ Լուսինե Սահակյանը տեխնիկական պատճառներով դատական նիստի հետաձգումն անընդունելի է համարում. «Կարող էր ուղղակի լսել միջնորդությունն ու մինչև հաջորդ նիստը լուծել այդ խնդիրները»:
Դատական նիստի ընթացքում արդեն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկայացրեցին ուշագրավ փաստեր` Վալերի Պերմյակովի «սատանիստ» լինելու վերաբերյալ:
Նրանք դատարանի դահլիճում հայտարարեցին, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում «սատանիստների» խումբ է ձևավորվել և Պերմյակովն անդամակցել է այդ խմբին: Սպանելով ընտանիքի մի քանի անդամներին` Պերմյակովը, փաստաբանների համոզմամբ, իր ««տիրոջն» է «հանձնել» մի քանի տղամարդու և մի քանի կնոջ», որի մասին ավելի վաղ գրություն էր կատարել հիշյալ խմբում: Փաստաբանները պնդում են, որ դա կարևոր հանգամանք է՝ հանցագործության դրդապատճառները հասկանալու համար:
«Մենք միջնորդություն ներկայացրեցինք։ Եթե կան այլ նյութեր, որոնք վերաբերում են հատկապես այս մասին՝ դատարանի պահանջով միացվեն սույն քրեական գործին: Քր. գործից երևում է, որ այնտեղ կան նյութեր, որոնք էական են այս սպանության գործի մասով եւ չկան հայկական կողմին տրամադրված նյութերում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Լուսինե Սահակյանը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմը դա հատուկ է արել, փաստաբանն ասաց. «Ռուսական կողմի քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող դատողություն անել, բայց որ այս քրեական գործի համար դրանք ունեն կարևոր նշանակություն՝ ակնհայտ է: Եթե նույնիսկ իրենց աչքից վրիպել է, եւ դրանք չեն զետեղվել այս քրեական գործում, ապա հայկական կողմը պետք է պահանջի եւ ստանա դրանք, որպեսզի քրեական գործն ամբողջական լինի»:
Դատական առաջին նիստի ընթացքում զոհերի իրավահաջորդների պաշտպաններից Արթուր Սաքունքը դատավորին խնդրեց բացատրել՝ իրավական ինչ հիմնավորմամբ են Հայաստանի դատական նիստին ներկա գտնվում ռուս զինվորականներ:
«Ես ուզում եմ հասկանալ, թե զինվորական համազգեստով երկու զինվորներն ի՞նչ կարգավիճակով են գտնվում դատարանի դահլիճում, կա՞ իրավական հիմնավորում, ներկայացրե՛ք նրանց կարգավիճակն ու գործառույթը»,- դատավորից հետաքրքրվեց Սաքունցը, ապա միջնորդեց նրանց հեռացնել դահլիճից: 15 րոպե ընդմիջումից հետո, սակայն, դատավոր Մովսեսյանը մերժեց Սաքունցի միջնորդությունը՝ որպես հիմնավորում նշելով, որ Վալերի Պերմյակովը ՌԴ կողմից դատապարտված անձ է:
Արթուր Սաքունցի միջնորդությանը միացած փաստաբաններից Լուսինե Սահակյանն մանրամասնեց. «Նրանց ներկայությունն անընդունելի էր մի շարք պատճառներով, որից գլխավորն այն էր, որ մենք չենք ուզում դատարանն ունենա որոշակի կաշկանդվածություն, եւ նիստի շրջանակում որոշումներ կայացնի ինքը: Ակնհայտ էր, որ դատավորը կաշկանդված էր. չկարողացավ որոշում կայացնել եւ նրանց այնտեղից հեռացնել»:
Դատավոր Հարություն Մովսեսյանը, սակայն, բավարարեց հանրային երկու պաշտպաններից մեկի՝ Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը: Պաշտպանը մեկ ամիս ժամանակ խնդրեց քրեական գործին ծանոթանալու համար: Նշենք, որ Պերմյակովի պաշտպաններից մյուսը՝ Արմեն Պողոսյանը, դեկտեմբերի 30-ից չի ներկայացնի մեղադրյալի շահերը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-­ը` ժամը 12:00­-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել