ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ նախատեսվում են համակարգային լուծումներ:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է ամենից շատ կատարվող խախտումներին, որոնց համար տրված են տուգանքներ: «Օրենքով սահմանվում է հնարավորություն ստեղծել ամենից տարածում ունեցող իրավախախտումների համար՝ գծանշումների պահանջները, խաչմերուկների հատման կանոնները խախտելը, կանգառ կատարելու կանոններ խախտելը և այլն, այդ դեպքերում կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց նաև, որ նախագծով իրենք հնարավորություն են ստեղծում որոշ իրավախախտումների դեպքում իրավախախտումը վերացնել տեղում՝ հաշվի առնելով հանրային վտանգավորությունը, ընդհուպ մինչև խախտման հատկանիշներով վարորդին իրավունքից զրկելը:
Ապա արդարադատության նախարարին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր մոտ խորհրդակցություն էր անցկացրել ու հայտարարել, որ խախտումները 70 տոկոսով նվազել են:
«Ի՞նչ տվյալների մասին է խոսքը: 2012թ.-ի նկատմամբ 2014-ին խախտումների աճը կազմել է 30 տոկոս: Իսկ 2011թ.-ի նկատմամբ՝ ավելի շատ: Այսինքն՝ դուք գոնե ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի կողմից ակնհայտ սխալ տվյալներ են ներկայացվել»,- հարցրեց պատգամավորը: Ն. Փաշինյանը նկատեց, որ համակարգի ներդրմամբ բազմաթիվ հարցեր են առաջացել, այն էլ՝ ոչ կարգավորված: «Լավ, ի՞նչ խնդիր ենք մենք լուծել: Առաջացել են պրոբլեմներ, բայց կարո՞ղ եք ասել՝ այ էս հարցը լուծվել է...»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վիճակագրություն՝ 2014-ին եղել է 391 հազար 216 խախտում, իսկ 2015-ին՝ 365 հազար 950: «Սա ակնհայտ նվազում է, չեմ վիճում ձեր տվյալների հետ, բայց սրանք էլ կան… Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է նվազմանը, համալիր է ուսումնասիրվում վիճակագրումը: Ամեն խախտումների մասին հատ-հատ կդժվարանամ ասել, բայց դուք թվարկում եք նրանք, որտեղ աճ կա, ես նրանք՝ որտեղ նվազում կա: Պետք է ընդհանուր հանրագումարի բերենք»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով համակարգի անարդյունավետությանը, Փաշինյանի կողմից բերված օրինակներին, թե վթարների քանակն աճում է, նախարարը չհամաձայնեց. «Աշխարհի տարբեր երկրների փորձ ենք ուսումնասիրել, համակարգը բավական արդյունավետ է գործում: Խնդիրն այն է, որ մեքենաների քանակն է աճել, դրանով է պայմանավորված ձեր կողմից բերված ցուցանիշները: Եթե անցյալ տարի օրինակ կար 200 հազար մեքենա, այս տարի՝ 400 հազար, բնականաբար, համապատասխանաբար վթարների աճի վրա դա ազդեցություն ունենում է: Վիճակագրություն կա՝ եթե ընտանիքում մեկով ավելանում է ավտոմեքենայի թիվը, դա ավելացնում է ոչ թե երկու այլ երեք վթարի հավանականությունը»:
Նիկոլ Փաշինյանն էլ չհամաձայնեց, իրավիճակը համեմատեց սպանության հետ. «Դա նույնն է, ոնց որ ես ասեմ սպանությունների թիվը մեծանում է, դուք ասեք՝ գլուխը կտրելով սպանությունների թիվը նվազում է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



