Տարվա առաջին իսկ օրերից կառավարությունն ընդունեց մի քանի կարևոր որոշումներ, որոնք միտված էին սահմանամերձ համայնքների բնակչության հոգսերի թեթևացմանը: Այդ քաղաքականությունը շարունակվեց: Ապրիլի 22-ի նիստում գործադիրը 3,7 մլն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Տավուշի մարզի 8 բնակավայրերի, հոկտեմբերի 8-ին` ևս 66 մլն դրամ նույն մարզի տնտեսություններին, հոկտեմբերի 29-ին` Այգեհովիտ գյուղին` հակառակորդի գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար:
Ս.թ. հոկտեմբերի 1-ի նիստում կառավարությունը հաստատեց «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման` գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջեով կհատկացվի 928 մլն դրամ:
Հաջորդ` հոկտեմբերի 8-ի նիստում գործադիրն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում: Դրա նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին ԱԱՀ մասով` արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման նպատակով ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար: Դրա շնորհիվ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն սահմանամերձ համայնքների տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման, զբաղվածության ապահովման համար:
Եվ քանի որ սահմանամերձ համայնքների մեծ մասը գտնվում է Տավուշի մարզում և այդ պատճառով ավելի հաճախ է ենթարկվում հակառակորդի ոտնձգությանը, կառավարության ուշադրությունը ևս սևեռված է այս մարզին` զարգացնելու ենթակառուցվածքները, թեթևացնելու բնակչության հոգսերը: Հոկտեմբերի 8-ի նիստում գործադիրն իր պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացրեց մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Շուրջ 40 աշխատատեղ կբացվի Այրումի երկաթուղային կայարանի հարակից տարածքում երկիր մուրք գործող գյուղատնտեսական մթերքով բեռնված վագոնների ախտահանումը կազմակերպելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1516359998663548&id=100008686862291&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



