Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս, ծանր կորուստներ կրելով, հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



