Հետաքրքիր ազգ ենք՝ իշխանություններից բողոքում ենք, ընդդիմադիրներից բողոքում: Բողոքում հարազատից, հարևանից, ընկերոջից՝ բոլորից… Բողոքում, դժգոհում ենք դավաճանությունից, բայց դավաճանում ենք, բողոքում ենք անտարբերությունից, բայց անտարբեր ենք… Բողոքելով, դժգոհելով ինչ-որ մեկի պահվածքից, արարքից, խոսքերից՝ ինքներս նույնն ենք անում…
Մի խոսքով՝ հետաքրքիր, բողոքավոր, ամենագետ, ամենատես… Ամեն ինչ գիտենք, ամեն ինչ պատկերացնում ենք, բոլորին դաս տալիս՝ նույնիսկ մյուս ազգերին, բայց զանգ կախող չենք… Մկների ժողովի նման…
Բողոքում ենք բոլորից, բայց ոչ մեզանից…
Երբեք չենք հարցնում ինքներս մեզ, իսկ ինչ եմ անում ես՝ ինքս… Ինչ եմ անում ես որպես բժիշկ, որպես ուսուցիչ, որպես վարորդ, որպես պատգամավոր, իրավապահ, մտավորական, պաշտոնյա, որպես քաղաքացի…
Ի՞նչ եմ անում ես, ինչպե՞ս եմ աշխատում, ազնի՞վ եմ, արդա՞ր, անկողմնակա՞լ, անկաշա՞ռ, սկզբունքայի՞ն…
Բողոքում ենք նույնիսկ Ամանորից, ծախսերից, հոգսերից՝ գռեհկացնելով տոնը, դարձնելով այն անհասկանալի, տանջալից, տաղտկալի փոխայցելություն, տոնը դարձնելով միայն ուտել-խմելու, սեղանները լցնելու, զարմացնելու, ձանձրալի նույնանման կենացներ ասելու մրցավազք: Անհասկանալի ու անիմաստ…
Հետո թափելով այդ ամենը, փչացնելով կամ այն փչացած ուտելով ու հիվանդանոց ընկնելով… Մի խոսքով, տոնն էլ տոնի նման չենք նշում՝ մոռանալով, որ տոնն ընտանեկան, մտերմիկ, հարազատ շփումն է, ուրախությունը, հաճելի մթնոլորտը, առանց ձևականության ու հարկադրվածության…

Մի խոսքով հետաքրքիր ու արդեն անհետաքրքիր ենք… Կաղապարված ու կանխատեսելի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել