

Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:
Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում: Սովորել է թիվ 125 դպրոցում: Միշտ նեղացած էր հիշում, որ դպրոցում այն ժամանակ առանձին վերաբերմունքի էր արժանանում որպես «ախպար». Ծնողները հայրենադարձ են: Ձյուդոյի վարպետ էր: Ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը:
Նրա նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը և գաղափարական կերտվածքը չէին կարող հանգիստ առնել Արցախյան շարժման օրերին: Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթոնք, կորցրածը հետ բերելու, պատմությունը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի: 1989 թվականից Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Սիմոն Աչիքգոզյանի և այլոց հետ մեկնեց Շահումյան:
Մասնակցել է Գետաշենի համար մղվող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանությանը: 91թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վարդան Բախշյանի և երկու ընկերների հետ ընկավ շրջափակման մեջ: Վարդանը զոհվեց: Արամը լավ գիտեր` ինչպես պետք է վարվի, եթե հայտնվել է թշնամու օղակի մեջ. դա չպետք է արվեր իր համար պահված մեկ գնդակով: Նռնակի օղակը քաշած` նա սպասում էր, որ հետը տանի գոնե մի քանի ազերիների, որոնք կմոտենան իրեն գերի վերցնելու: Հենց այդ պահին թշնամու թիկունքից լսեց ընկերների պայմանական կրակահերթ ազդանշանը. դուշմանն էր: Երկրորդ անգամ ճակատ առ ճակատ մահին հանդիպեց նույն ամսի 23-ին Լեսնոյում: Թիկունքը մաքրելիս, երբ ուզում էր մտնել մի տուն, նրա վրա դիմահարդար կրակեց վիրավոր մի ադրբեջանցի: Գլխից թեթև վիրավորվեց: Մարտական ընկերները պատմում են, որ Արամը ծիծաղում ու կատակում էր, կենսուրախությունը նրա համար ամենաբնորոշն էր:

Շուշիի ազատագրմանը մասնակցել է որպես Դաշնակցության երիտասարդական ջոկատի հրամանատար: Մեծ պատասխանատվություն էր ստանձնում առաջի անգամ Ղարաբաղ մեկնած անփորձ զինվորներին մարզելու և առաջնորդելու գործը: Համարձակ էր ու կենսախինդ, թեև հրամանատար էր, քիչ էր կարգադրում, վտանգավոր ձեռնարկներն ինքն էր իրականացնում: 98 թվականից Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տնօրենն էր: Վայելում էր կուսակցության վստահությունը և ցանկացած գործին ամենամեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում: Երկու տարի առաջ՝ վիրահատությունից մի քանի ժամ անց, ընկերներին երկտող էր ուղարկել. «Չմոռանաք վճարել ԳՄ գրասենյակի հոսանքի վարձը»: Սիրում ու կարոտում էր ընկերներին: Նրա աշխատասենյակից միշտ ծիծաղի ձայներ էին լսվում: Խեղճացած մարդկանց հանդիմանում էր Արամը` ասելով «Մեջդ կրակ չկա»: Նրան ոչ ոք խեղճացած չտեսավ: Երբ հայտնաբերվեց սարսափելի հիվանդությունը, ընկերները թաքցրին` հանկարծ չխեղճանա: Բայց նրա կամքը չկոտրվեց: Մինչև վերջին օրը չհավատաց, որ կյանքից հեռանում է, որ որևէ հիվանդություն կարող է տանել իրեն:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/12/blog-post_7097.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել