Շների հավատարմության մասին բազմաթիվ փաստեր կան, բայց այս մեկը, հիրավի, դրանցից ամենահուզիչն է։
Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Պարանա նահանգում։ Գյուղական ճանապարհով մի ֆուրգոն էր գնում, որի հետևից առանց դադար առնելու վազում էր մի շուն։ Ամենահետաքրքրականն այն է, որ կենդանին այդպես վազեց 16 կմ... Նրա արարքին ոչ մի բացատրություն չկար, և հետո միայն պետք է բացահայտվեր ճշմարտությունը։
Պարզվում է, որ այդ ֆուրգոնով տեղափոխում էին շան տիրոջը, իսկ ավելի կոնկրետ` նրա դին։ Տղամարդուն գնդակահարել էին դրանից մեկ օր առաջ, և այդ ողջ ընթացքում շունը նստել և հսկել էր տիրոջ անկենդան մարմինը, մինչև կժամանեին ոստիկանները։ Տեղանքն ուսումնասիրելուց հետո մարմինն ուղարկել էին փորձաքննության հենց այդ մեքենայով, որի հետևից վազում էր շունը։ Եվ ահա 17–րդ կիլոմետրին նրա ուժերը տեղի տվեցին։
Դին տեղ հասցնելուց հետո ոստիկաններն այդ պատմությունը պատմել էին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցչին, ով էլ որոշել էր ձեռնամուխ լինել կենդանու տերերի որոնմանը։
Ուժասպառ շանը դժվար չեղավ գտնել, բայց այ նրան բռնելն այդքան էլ հեշտ չէր։ Կենդանին ոչ մեկին իրեն մոտ չէր թողնում։ Այնուամենայնիվ, հատուկ միջոցներով նրան բռնեցին և տեղափոխեցին անտուն կենդանիների հաստատություն, որից հետո էլ փոխանցեցին մահացածի հարազատներին։ Ծանոթ դեմքեր տեսնելուց հետո միայն շունը համեմատաբար հանգստացավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



