Աստղաբան, հասարակական գործիչ |
Աշխարհի վերջն եկավ, անցավ, ոչ մի բան չեղավ, երկնաքարը թաքստոցից չելավ, ցունամի չեղավ, մարդիկ դինոզավր չդարձան: Դա բոլորս էլ տեսանք ու հասկացանք: Մոտ երեք տարի առաջ բացվել էր մի կայք՝ www.2012.ru, որտեղ գլխավոր էջում ժամացույցը հետհաշվարկ էր անում, թե որքան է մնացել աշխարհի վերջին (ի դեպ, ես այսօր նորից փորձեցի մտնել այդ ապուշներին հարց տալու, հասցեն այլևս չէր գործում): Բնական է, այս աղմուկ-պրոյեկտի հեղինակները գիտեին, որ նման բան չի լինելու, որ այդ չարաբաստիկ մոլորակների շքերթ ասվածն ավելի քան մոտավոր է, դրա համար էլ մայաների օրացույցը, որ իրականում ավարտվում էր 2003-ին, «երկարացվեց» մինչև 2012-ի դեկտեմբերի 21-ը: Ավելացրին գալակտիկական առանցքի ու մեր համակարգության առանցքի համընկնումը, որն էլի տիեզերական մասշտաբներով է չափվում, որը նույնպես պարբերաբար կրկնվում է և ոչ մի կապ չի կարող ունենալ աշխարհի վերջի հետ: Հաշվի առնելով, որ սովորական մարդը մահից ահավոր վախենում է, և լսելով աշխարհի վերջ արտահայտությունը, մտածում է, որ դա իր մահն է: Հիմա հետահայաց վերլուծել, թե ում էր դա ձեռնտու, մասոններն էին, թե սատանիստները՝ այդքան էլ իմաստ չունի, նման բան մեկ է էլի է լինելու, մարդիկ ավելի հեշտ են վատին հավատում, քան տրամադրվում դեպի լավը: Բայց կա մի բան, որ քիչ կարևոր չի: «Աշխարհիվերջյան» այս հիստերիան անհետևանք չի անցնի: Շատ մարդիկ հետո կզգան, թե ինչ հետքեր է թողել ամիսներ շարունակ սթրեսի մեջ գտնվելով «վերջին» սպասելը: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ տագնապի, լարման մեջ գտնվողը չի նկատում իր հոգնածությունը, բայց հենց այդ իրավիճակն անցնում է, նոր սկսում է թուլանալ: Գրեթե երկու տարի այդ ինֆորմացիան պտտվում էր մեր շուրջը: Ու բոլորովին կապ չունի հավատում էինք դրան, թե ոչ, մեկ է լարվածությունը ազդում էր բոլորի վրա: Ես էլ, որ միշտ ասում էի, որ նման բան չի կարող լինել, էլի հոգեբանական հոգնածության զգացում ունեմ, քանի որ դժվար է ամիսներ, տարիներ շարունակ ասել, ապացուցել ինչ-որ բան, մանավանդ անտրամաբանական բան: Կարծում եմ՝ հիմա բոլորս միասին պետք է այս հիստերիայի հետևանքները վերացնենք: Ու այստեղ մեծագույն, հսկայական դեր պիտի ունենա եկեղեցին, պիտի հոգևորականները մարդկանց հոգիները խաղաղեցնեն: Դիմում եմ եկեղեցու սպասավորներին, ում ուսերին շատ լուրջ պատասխանատվություն է դրված, ովքեր առանց այդ էլ ամեն օրն անցկացնում են փորձելով լուսավորել ու բացատրել հոգու մասին գիտելիքը: Խնդրում եմ, հասկանալի լեզվով, մատչելիորեն միշտ բացատրեք, ամեն ինչ արեք, որ մարդիկ Աստծո պատվիրանների համաձայն ապրեն, ոչ թե մտածեն, թե ոնց փրկվեն: Քանի որ այդ դեպքում մահը սարսափելի չի լինի, չմոռանանք, որ մահը միշտ գալիս է իր ժամանակին, որքան էլ մարդիկ դրա մասին, այսպես ասած, «երազեն» կամ էլ սարսափեն ու փորձեն խուսափել դրանից: