Ինձ քիչ առաջ հարցնում էին՝ արդյո՞ք գոյություն ունի իշխանափոխության տեխնոլոգիա: Մի ազդեցիկ միջոց ցույց տամ:
Հայաստանում սոցցանցերին անդամագրված են 2 միլիոնից ավելի բաժանորդ` ըստ վերջին տվյալների` Ֆեյսում 1.020 000 բաժանորդ, Օդնակլասնիկում` 880.000, Ինստագրամում` 40.000, երևի մի 100.000-ից ավելի Թվիթերում: Կան նաև այլ ցանցեր: Բնական է, որ այդ ցանցերում կան բազմաթիվ ֆեյքեր, նաև հատումներ կան, երբ մի անձը տարբեր ցանցերում է գրանցված:
Սրանք միայն Հայաստանի օգտվողներն են, բայց կան նաև օգտատերեր, որոնք Հայաստանի քաղաքացի են, սակայն այլ երկրներից են գրանցվել, և նրանց քանակն այս տվյալների մեջ ներառված չէ: Նրանց թիվն առնվազն մի քանի հարյուր հազար մարդ կլինի:
Հիմա առաջարկում եմ համազգային անվստահության քվե հայտնելու մեխանիզմ, որը ծրագրային լուծումը հնարավոր է ապահովել:
Կարելի է անցկացնել էլեկտրոնային հանրաքվե, թե քանի տոկոսն է վստահում, ասենք, Սերժ Սարգսյանին: Կարելի է նաև սահմանադրական վերահանրաքվե անցկացնել:
Էլեկտրոնային հանրաքվեի ծրագիրը մաղում է ֆեյքերին, չի թույլատրում նույն անհատին մեկից ավելի անգամ քվեարկել, եթե գրանցված են տարբեր ցանցերում, միաժամանակ քվեարկած անձերին համեմատում է ԿԸՀ-ում հրապարակված քվեարկության իրավունք ունեցող անձանց տվյալների հետ: Նաև կվերականգնվի Հայաստանից դուրս գտնվող անձանց քվեարկելու իրավունքը:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե այդ հանրաքվեն ինչ քաղաքական ազդեցություն կունենա: Երևի չեք պատկերացնում:
Այս տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև այլ համազգային նշանակություն ունեցող որոշումների վրա ազդելու համար, նաև իշխանափոխությունից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել