Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Եվրամիության հետ պետք է նուրբ համագործակցություն ունենա: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Եվրամիության կողմից հրապարակված Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրին վերաբերող երեկվա փաստաթղթին՝ «Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում» անվամբ, որտեղ Հայաստանի մասին որևէ հիշատակում չկա:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ԵՄ-ն Հայաստանին այլևս չի դիտարկում որպես Արևելյան գործընկերության ծրագրի անդամ, երբ Հայաստանի հետ պաշտոնապես սկսել է բանակցել նոր փաստաթղթի մշակման շուրջ: Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ ԵՄ-ն չի կարող Հայաստանը դիտարկել ԱլԳ անդամ-պետություններին հավասար, երբ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է:«Մի բան է, երբ ԵՏՄ անդամ ես ու պետք է ԵՄ հետ համագործակցության պայմանագիրը հարմարեցնես այդ միությանը, մի բան է, երբ դու բլոկից դուրս ես, հստակ գնում ես դեպի ԵՄ անդամակցություն»,- ասաց նա՝ նշելով, որ ԵՏՄ անդամ Բելառուսն էլ ԵՄ կողմից թվարկված պետությունների շարքում չէ:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Հայաստանը տնտեսական այլ բլոկում է, ունի նաև որոշակի ռազմաքաղաքական հարաբերություններ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ լինելը. «Այս առումով սահմանափակում կա, տնտեսական առումով «և,և» լինել չի կարող, բայց այն կարող է լինել քաղաքական բոլոր բնագավառներում: Ուստի ես կարծում եմ, որ նոր փաստաթուղթն ունենալու է քաղաքական շեշտակի բաղադրիչ»:
Ի տարբերություն ԱլԳ մյուս պետությունների, Հակոբյանի խոսքով, Հայաստանը ունիվերսալ պետությունների շարքում չէ, ունիվերսալ այն մոդելի մեջ չէ, որը կիրառվելու է բոլոր երկրների հանդեպ: «Հայաստանի նկատմամբ լինելու է միանշանակ այլ մոտեցում, որտեղ հաշվի կառնվի այսօր իսկ գործող աշխարհաքաղաքական իրավիճակն ու ՀՀ մասնակցությունը ինտեգրացիոն այլ գործընթացներում»,- շեշտեց քաղաքագետը:
Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ Եվրամիության համար նախկինում անընդունելի էր «և,և» մոտեցումը: «Նրանք ընդունում էին միայն «կամ, կամ»-ը, որից հետո Հայաստանը ստիպված եղավ կոնկրետ որոշում կայացնել: Ուստի ԵՄ-ն դառը փորձից ելնելով ստիպված է ավելի ճկուն գործել և հնարավորություն տալ այն պետություններին, որոնք իրենց շահերից ելնելով այլ միությունների անդամ են, համագործակցել բոլորովին այլ ֆորմատով»,- շեշտեց Հակոբյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/vigen-hakobyan/1874820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



