Tert.am-ը գրում է.
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող պնդումները, թե իրենք անելու են հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանին վերադարձնելու համար, թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ, լոկ հայտարարություններ են: Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Չաքրյանն ասաց, որ թուրքական կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություններն ակտիվացել են՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին:

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, ինչի հետևանքով մենք դառնում ենք Ռուսաստանին Հարավային Կովկասում ստրատեգիական դեր շնորհելու գործոն»,- նկատեց թուրքագետը՝ նշելով, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ Անկարայից հնչող հայտարարությունները նպատակ ունեն Ռուսաստանին հասկացնելու, որ իրենց դիրքը Հարավային Կովկասում կարող է իբրև փոխվել:

«Բայց Թուրքիային որևէ մեկը չի թողնի այս տարածաշրջանում «խաղեր տալ», հատկապես մասնակցություն ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման գործին, երբ կան Մինսկի խմբի համանախագահները»,- շեշտեց Հակոբ Չաքրյանը՝ ասելով, որ սա լավագույնս ապացուցում է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի հակադարձ արձագանքը, ով ապակառուցողական էր գնահատել Թուրքիայի կեցվածքը՝ պաշտպանել հակամարտության կողմերից որևէ մեկին ու Անկարային հիշեցրել, որ հարցը գտնվում է ՄԽ համանախագահ երեք պետությունների վերահսկողության տակ:

Հ. Չաքրյանը նշեց, որ Ռուսաստանը որևէ կերպ չի թողնի, որ Թուրքիան այս տարածաշրջանում հարցերի կարգավորմանը մասնակցի ոչ թե նրա համար, որ «սիրում է»  Հայաստանը, այլ որովհետև չի կիսի իր դիրքը:

«Թուրքիան Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ հարաբերություններում չի փայլում, միակ պետությունը, ում հետ կարող էր ունենալ որևէ համագործակցություն՝ Ռուսաստանն էր, բայց տեսաք, թե ինչ եղավ: Թուրքիան չունի կարողություն՝ տարածաշրջանում առաջատար դեր ունենալու: Սիրիացի փախստականներին երկրում պահելու համար է, որ փշի-փշի են անում: Դրանից է Թուրքիան մի քիչ լկստվում»,- ընդգծեց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանը նշեց նաև, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն էլ՝ թուրքական կողմից բխող սադրանքների արդյունք է, որով Անկարան նպատակ ունի սրել Ռուսաստանի ազդեցության ու վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի կայունությունը: «Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելը»,-  ընդգծեց թուրքագետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել