ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանը, Արթուր Ստեփանյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր։
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Սահմանապահ զորքերի կառուցվածքին, կառավարման համակարգին, տարբեր ծառայությունների գործունեությանը, ինչպես նաև առկա խնդիրներին։
Հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես օրենսդրական բնույթի, այնպես էլ համակարգի բնականոն գործունեությունն ապահովող տարատեսակ խնդիրներ։
Վարչական համալիրում շրջայցի ժամանակ պատգամավորները ծանոթացել են տարբեր կենտրոններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ Նրանք եղել են նաև գերժամանակակից սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով հագեցած ուսումնական դասասենյակներում։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ այցի արդյունքների ամփոփումով հանձնաժողովը հնարավորություն կունենա գնահատել ոլորտում խնդիրները, գտնել օրենսդրական լուծումներ, որոնք առավելապես կնպաստեն սահմանապահ զորքերի արդյունավետ գործունեությանը։
«Սահմանապահ զորքերը կարևորագույն դերակատարում ունեն Հայաստանի սահմանների պաշտպանության գործում և կարող ենք փաստել, որ բնագավառի կառավարումը հուսալի ձեռքերում է»,- ասել է Կորյուն Նահապետյանը։ Նա կարևորել է Սահմանապահ զորքերի հետ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Նշվել է նաև, որ երկուստեք համագործակցությունը լինելու է շարունակական։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154459530258378?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել