ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ծանոթ է ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարություններին, որ սահմանադրության հանրաքվեի լեգիտիմությունն ապացուցելու հարցում պետք է քայլեր նախաձեռնվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե հիմնավո՞ր են ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարությունները՝ հանրաքվեի արդյունքների լեգիտիմության մասով և, արդյոք արձանագրված ընտրախախտումներն էական նշանակություն ունեցել են հանրաքվեի արդյունքների վրա, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, թե ինքը ծանոթ է դեսպանների հայտարարությանը, և կա անհրաժեշտություն հավատ ներշնչելուն ուղղված քննություն իրականացնել:
«Անկեղծ ասած, ես այսօր հանդիպել եմ ԱՄՆ դեսպանի հետ, մանրամասն քննարկել եմ նրա հետ այս հարցը: Այդ կապակցությամբ շատ կարևորվեց մեր կողմից, որ քննությունն իրականացվի առավելագույնս հրապարակային, որ վստահության մթնոլորտը կասկածի տակ չլինի: Ես հայտարարում եմ, որ ցանկացած քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործ հարուցելու մասին որոշումները դրանց ընթացքի արդյունքում կարող ենք քննարկել հրապարակային: Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու փաստով ընթացակարգը չի ավարտում, այն ունի վերահսկողական, դատական ընթացակարգ, որի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա գնահատել գործի լեգիտիմությունը, օրինականությունը»,- շեշտեց գլխավոր դատախազը:
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ իր կարծիքով, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացը որևէ կապ չունի քրեական գործերի ընթացակարգի հետ. «Սրանք կարող են օգտագործվել որպես ապացույցներ՝ այս կամ այն կողմից՝ ընտրության արդյունքները հիմնավորելու կամ անվավեր ճանաչելը հիմնավորելու առումով: Դրանք ուղղակի ներգործություն ընտրությունների արդյունքների վրա չունեն: Անուղակի կարող են ունենալ»:
Tert.am–ի ճշտող հարցին, թե չկան հիմքեր հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը կասկածի տակ առնելու համար, Կոստանյանը պատասխանեց. «Չեմ կարող նման կասկածների համար բավարար հիմք տրամադրել»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/11/gevorg-kostanyan-3/1871670
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



