Այսօր` դեկտեմբերի 11-ին, Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Գյումրիում գործող կամ իրենց թղթակիցներն ունեցող ԶԼՄ-ներկայացուցիչների հետ առաջիկայում` դեկտեմբերի 18-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղի ունենալիք՝ Ավետիսյանների սպանության գործով դատավարության լուսաբանման հետ կապված խնդիրները քննարկելու համար:Գ. Հովհաննիսյանը նախ լսեց լրագրողներին, որոնք ներկայացրին այն հիմնական մտահոգություններն ու խնդիրները, որոնք ունեցել են օգոստոսի 12-ին նույն ռազմաբազայում ռուս շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ռուսական ռազմական դատարանի դատավարության ժամանակ, ապա նշեց, որ Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը ռուսական ռազմաբազայում անցկացնելու որոշում է կայացվել՝ նկատի ունենալով, որ Վալերի Պերմյակովը դատապարտյալ է, իր պատիժը ներկա պահին կրում է ռուսական ռազմաբազայում:
Գագիկ Հովհաննիսյանը լրագրողներին նաև հավաստիացրեց, որ առաջ քաշված խնդիրները կփորձեն լուծել, որպեսզի այդ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողանան ազատ աշխատել, և լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվի:
Նշենք, որ արդեն իսկ որոշակի դժգոհություններ կային լրագրողների շրջանում՝ կապված ռուսական ռազմաբազայում դատավարության անցկացման տեխնիկական կամ աշխատակարգային-ընթացակարգային անհարմարությունների ու սահմանափակումների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



