Life.panorama.am-ը գրում է.

Հայտնի հաղորդավար Արամ Չախոյանը, ով երկար տարիների հեռուստատեսային գործունեությունից հետո վերջին տարիներին այլեւս չի ներկայանում որեւէ հեռուստատեսությամբ, Life.panorama.am-ին պատմել է եթերային դադարի, ռադիոյում ընթացիկ աշխատանքների եւ ընտանիքի մասին:
-Արամ, այս շրջանում ինչո՞վ եք զբաղված:
- Արդեն վեց տարի է` «Տոսպա» ռադիոընկերության տնօրենն եմ. մեզ մոտ բացառապես լրատվական ծրագրեր են, մենք չունենք երաժշտություն, զվարճալի ծրագրեր, հիմնական շեշտը դնում ենք լրահոսի եւ մասնագիտական կարծիքների վրա: Մենք այն քիչ ռադիոընկերություններից ենք, որ ի սկզբանե բարդ, բայց մեր կարծիքով հետաքրքիր ճանապարհ ենք ընտրել, իհարկե, կարող ենք մի քանի հարյուր սիրված երգեր հավաքել, իրար հետեւից տեղադրել, ընթացքում գովազդ դնել, զվարճալի հաղորդումներ, բայց մենք դա չենք ուզում, մեզ համար դա հետաքրքիր չէ: Բացի այդ, զբաղված եմ երկու ռադիոծրագրերով՝ «Օգտակար առավոտ» եւ հեղինակային «Տետատետ» հաղորդումներով: «Տետատետ» ծրագիրը հարցազրույցի ժանրում է, փորձում եմ հրավիրել տարբեր ոլորտների հետաքրքիր մասնագետների, ովքեր կկարողանան նոր բացահայոտւմներ անել: Այս ռադիոհաղորդման նպատակն է ոչ թե բացահայտել հյուրին ռադիոլսողի համար, այլ հյուրի օգնությամբ հնարավորինս հետաքրքիր ներկայացնել այս կամ այն ոլորտը, երեւույթը, իրադարձությունը:
-Արամ, երկար տարիների հաջող գործունեությունից հետո ինչո՞ւ հեռացաք հեռուստատեսությունից:
- Արդեն որքան ժամանակ է, ինչ ոչ մի գործունեություն չեմ ծավալում հեռուստատեսությունում, որովհետեւ այն, ինչ այսօր տեսնում եմ հեռուստատեսությամբ, ինձ չի գրավում: Այն, ինչ կցանկանայի անել հեռուստատեսությամբ, կարծես թե չի հետաքրքրում այսօրվա հեռուստադաշտին: Իմ հետաքրքրությունները տարածվում են գիտակրթական, ճանաչողական բնույթի հաղորդումների շրջանակներում, որոնք մեր օրերում, այսպես ասած, հարգի չեն եւ մեր հեռուստաընկերությունները դրա անհրաժեշտությունը չեն զգում: Ես չեմ ուզում հեռուստատեսություն կրկին մտնել շոու-ծրագրեր կամ զվարճալի հաղորդումենր անելու համար:
-Իսկ հեռուստադիտողի կողմից մոռացվելու վախ չունե՞ք:
- Ես շատ անկեղծ պետք է ասեմ, որ ինձ մոտ ոչ մի զգացողություն չկա, թե ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում, կամ դուրս եմ մնացել հեռուստադիտողի ուշադրության դիտակետից: Ավելին ասեմ՝ այսօր ինձ համար ավելորդ ուշադրությունն ու ճանաչվածությունը դժվարություն է, որովհետեւ դա մարդուն պարտավորեցնում է: Հեռուստադիտողը, էկրաններին տեսնելով որեւէ հաղորդավարի, կամ հայտնի մարդու՝ ունի իր պատկերացումները նրա մասին, ինչը տվյալ «հայտնի» մարդուն ստիպում է անընդհատ լինել զգոն, որպեսզի մշտապես արդարացնի իր հանդեպ եղած պատկերացումները: Ես խուսափում եմ ճանաչված լինելուց, ռադիոն իմն է, այստեղից ես սկսել եմ իմ ճանապարհը, այստեղ ես ինձ լավ ու ազատ եմ զգում: Հիմա, երբ հետ եմ նայում հեռուստատեսային գործունեությանս, հասկանում եմ, որ այն, ինչ կցանկանամ անել, ինձ ավելի հեշտ է իրականացնել ռադիոյում, քան հեռուստատեսությունում: Ռադիոընկերության ձեւաչափը ավելի լայն է, ճկուն եւ ընդարձակ ինձ համար:
- Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ