Araratnews.am-ը գրում է.
Մինչ հայրենի վիճակագիրները հաշվարկում են ընթացիկ տարում հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար արտաքին առևտրի ծավալների անկումը, որը հատկապես դրսևորվում է ներմուծման ծավալների անկումով, իսկ Կառավարությունը անցկացնում է խորհդակցություն տեղական արտադրանքի արտահանմանը խթանմանը զարկ տալու նպատակով, միջազգային առևտրի աճի տեմպերը, նույնպես դանդաղեցման միտումներ են ցույց տալիս:
Գրեթե ամբողջ տարի, համաշխարհային առևտրի ծավալների դանդաղեցման միտումները դոլարով արտահայտված, նկատելի էին՝ համենայն դեպս Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպությունը (ՏԶՀԿ) ամեն եռամսյակ ստիպված էին նվազեցնել իրենց նախօրոք արված կանխատեսումների ցուցանիշները: 2015 թ.-ին ենթադրվում է, որ համաշխարհային առևտրի աճը կլինի մոտ 2%, այն էլ հիմնականում Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությանը անդամակցող երկրների հաշվին: Սա մտահոգիչ հանգամանք է, քանի որ համաշխարհային առևտրի թույլ աճը կամ ստագնացիան, ուղեկցվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ կամ անկմամբ, իսկ սա իր հերթին հնարավոր ռեցեսիայի նախանշան է:
Այս ամենը դիտվում է դոլարի նկատմամբ մյուս արժույթների թուլացման, նավթի ցածր գների և մետաղների գների անկման ֆոնի վրա: Եթե նախկինում առևտրի տեմպերի դանդաղեցման դեպքում հիմնական «մեղավորները» էին համարվում զարգացած երկրները, ապա ներկայումս դա կապվում է Չինաստանի և մյուս զարգացող երկրների հետ: Չինաստանը բազմաթիվ հումքային ապրանքների խոշորագույն ներկրողն է:
Հունվար-հոկտեմբերին Չինաստանում արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 8,5% (արտահանումը՝ 2,5%-ով, ներմուծումը 15,7%-ով): Այս երկրի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը և ներմուծման կրճատումը ճնշող ազդեցություն ունեցավ հումքային շուկաների վրա և ազդեց նաև համաշխարհային առևտրի տեմպերի վրա: Հատկապես տուժում են դեպի այդ երկիր հումք արտահանող երկրները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Ավստրալիան: Շատ երկրների պարագայում ունենք, ոչ թե առևտրի աճի տեմպերի դանդաղում, այլ ընդհակառակը, առևտրի ծավալների կրճատում:
Հայաստանի արտաքին առևտրի ծավալն ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում կազմել է մոտ 3,9 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտավորապես 4,9 մլրդ-ի դիմաց։ Այստեղ, արտահանումը կազմել 1 մլրդ. 223 մլն. դոլար, նվազելով 2,8%-ով և իսկ ներմուծումը կազմել 2 մլրդ. 677 մլն. դոլար և նվազել է 26,6%-ով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ. 454 մլն. դոլար։
Նշենք, որ նշված ժամանակահատվածի համար արտաքին առևտրի ծավալների անկում է նկատվել նաև մեր հարևան երկրներից Վրաստանում՝ 14%-ով, որտեղ արտահանումը նվազել է 24%-ով, իսկ ներմուծումը 10%-ով, որը պայմանավորված է հիմնականում ԱՊՀ երկրների հետ առևտրի ծավալների նվազմամբ: Ադրբեջանում, նշված ժամանակահատվածում արտաքին առևտուրը նվազել է 35%-ով, որտեղ 49%-ով նվազել է արտահանումը, իսկ ներմուծման աճը կազմել է 1%: Արտահանումը նվազել է հիմնականում ածխաջրածինների արտահանման նվազման հաշվին: Վիճակը բարվոք չէ նաև Ռուսաստանի համար, որի արտաքին առևտրի ծավալները կրճատվել են՝ 34,1%-ով, որտեղ արտահանումը կրճատվել է 31,6%-ով, իսկ ներմուծումը՝ 38,3%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: