Ծնողներն իրենց երեխային են նվիրվում ամբողջովին, անմնացորդ, զրկելով իրենց շատ բաներից, նրանք երեխաներին են տվել իրենց երիտասարդությունը, կյանքի լավագույն տարիները։ Եթե հարկ լինի, առանց վայրկյան տատանվելու հանուն երեխայի կզոհեն և իրենց կյանքը։
Ուստի ծնողները, բնականաբար, իրավունք ունեն երախտագիտություն ակնկալելու այն բանի համար, որ նրանց պահել, մեծացրել են, և դա դեռ շատ քիչ կլիներ… Ամենավաղ մանկական հասակում, երբ դրվում են բարոյականության հիմքերը, մենք պետք է հաստատապես հիշենք, որ ընտանիքն այն կոլեկտիվն է, որտեղ ծնունդ է առնում մերձավորին սիրելու, նրա մասին հոգալու հիանալի զգացումը, երբ սովորում ես մտածել ոչ միայն քո, այլև ուրիշների մասին։ Ահա թե ինչու այնքան կարևոր է երեխաներին սովորեցնել սիրել ու հարգել ծնողներին։ Եթե երեխան անսրտություն է ցուցաբերում հոր կամ մոր, տատիկի կամ պապիկի նկատմամբ, դժվար է հավատալ, թե նա սրտացավ կլինի օտար մարդկանց հանդեպ։ Դպրոցականներին տրվող բնութագրերում հաճախ կարդում ենք՝ «Լավ ընկեր է», սակայն գրեթե երբեք չի գրվում՝ «Ծնողներին սիրող զավակ»։ Եվ այդպես էլ ստեղծվում է հասարակական կարծիքը` լավ ընկեր լինելը պարտադիր է, իսկ թե ինչ որդի կլինես, հասարակության համար միևնույն է։
Սակայն առանց խելամիտ, խստապահանջ ծնողական սիրո լավ որդի կամ աղջիկ դաստիարակել հնարավոր չէ։ Հիշելով իրենց դժբախտ մանկությունը` որոշ ծնողներ երեխաների համար ստեղծում են անհոգ կյանք։ Նրանք երեխային հեռու են պահում ամեն տեսակ հոգսերից, խրախուսում են բոլոր քմահաճույքները, շարունակ գովում ու նույնիսկ «սովորում են» նրա փոխարեն։ Նման ծնողներն իրենց զրկում են կյանքի ամենամեծ հաճույքից` ուրիշին օգնելու ունակ զգալու, ուրիշին ուրախություն պատճառելու, դժվարին կացության մեջ գտնվողին զորավիգ լինելու հաճույքից։ Նրանք իրենց սիրելիներին կանխավ մատնում են ծանր ճակատագրի, իսկ իրենց` դառը ծերության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել