Օրվա խորհուրդը /14.03.2012/
Մեծ պահքի 24-րդ օր: Միջինք:
Ելք 3.16-22, Հվլ. 3.1-8
Թեև այսօրվա ընթերցումը հատուցման մասին է, որին մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր նախորդ գրվածքներում, ցանկանում եմ մասնավորաբար խոսել պահքի կարևորության մասին: Այսօր կիսվում է Մեծ Պահքը, և թերևս սա լավագույն առիթն է վերստին նրա մասին խորհրդածելու: Նախ պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցուղության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և հասնելով իր բնության վերածննդյան և <<յուրացնելով>> Քրիստոսին դառնում է արդար ու բարի: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ պահքը միայն սննդից հրաժարում է ենթադրում: Ճշմարիտ պահեցողությունը չարից հեռացման, լեզվի ու մարմնի սանձման, բարկության վերացման, կրքերի զսպման, զազրախոսության, ստախոսության ու չարախոսության դադարեցման մեջ է: Պահքը մեզ առիթ է տալիս նախ և առաջ ուշադրություն դարձնել մեր հոգուն, կատարելագործել մեր հոգևոր մարմինը, պաշտպանվել և ազատագրվել աներևույթ կապանքներից ու չարիքից: Պահքն ազատում է մեզ մեղքերի ստրկությունից և վերադարձնում է շնորհների ազատությունը, այն դարմանում է հոգևոր վերքերը, զորացնում մեզ Աստծո երկյուղի մեջ, ոռոգում է մեր առաքինությունները` այդպիսով գեղեցկացնելով մեր հոգին: Պիտի զանազանենք մարմնական պահքը և հոգևոր պահքը, երկուսն էլ լրացնում են միմյանց և սերտորեն պայմանավորված են նաև միմյանցով: Շատ առիթներ եմ ունենում լսելու մարդկանցից, ովքեր իրենց համարում են հոգևոր գիտակցության բարձր աստիճանի վրա, թե մարմնական պահքը էական չէ այլևս, քանի որ իրենք գիտակցում են հոգևոր պահքի կարևորությունը: Սակայն նրանք մեծապես սխալվում են. իրականում մեկը կամ մյուսն առանձնաբար բավարար չեն և իմաստավորվում են միայն, երբ երկուսն էլ իրագործվում են: Չէ որ մեր առօրյա կյանքում մեր հոգին և մարմինն առանձնաբար չեն ապրում: Օրինակ` Ոսկեբերանն ասում է. <<Ինչ օգուտ, որ հաց չես ուտում, սակայն ատելությամբ արբենում ես: Պահեցողությունից տկարանում ես, սակայն մերձավորիդ չարախոսում: Սննդից հեռու ես մնում, սակայն հափշտակում ես ուրիշի ունեցվածքը...>>: Կարևոր է, որ ոչ միայն մեր բերանը պահք պահի, այլև տեսողությունը, լսելիքները, մեր մարմնի բոլոր անդամները: Ի վերջո, ըստ Տիրոջ խոսքի, այն չէ պղծում մարդուն ինչ մտնում է նրա մեջ, այլ այն, ինչ ելնում է նրանից:
Պահքն ինքնին բարիք և անհրաժեշտություն չէ, այն կարող է անգամ վնասակար լինել, սակայն մենք պետք է այն առիթ դարձնենք մաքրելու մեր հոգին ու մարմինը, և այդ ժամանակ է մեր պահեցողությունը Աստծուն հաճելի զոհաբերություն ու խիզախում դառնում` զարդարված բազում բարի գործերի պտուղներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել