Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian պարբերականն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որը ցույց է տալիս ջիհադականների պլաններն Իրաքի ու Սիրիայի տարածքում պետություն ստեղծելու վերաբերյալ։

24 էջանոց փաստաթուղթը ներառում է նաև տնտեսական ծրագիրը, որում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես պետք է աշխատի ահաբեկչական քարոզչությունն ու ինչ միջոցներով պետք է կենտրոնացված վերահսկողություն սահմանվի նավթի, գազի ու ֆինանսական այլ կարևոր աղբյուրների նկատմամբ, և այնպիսի հարցեր, որոնք առնչվում են առողջապահությանը, կրթությանը, առևտրին, հաղորդակցությանն ու խմբավորման անդամների համար աշխատատեղերի ստեղծմանը:

Փաստաթղթում նշվում է, որ ԻՊ-ը նախատեսում է ուսումնամարզական ճամբարներ ստեղծել՝ կանոնավոր զորքերին ու վետերան զինյալներին մարզելու համար:

Համաձայն հաստատված կանոնների՝ փորձառու զինյալները տարեկան մեկ անգամ պարտադիր պետք է վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներ անցնեն՝ «որակավորումը բարձրացնելու նպատակով»։ Փաստաթղթի տվյալներով՝ ԻՊ-ը «մարտարվեստ» է սովորեցնում՝ այդ թվում նաև երեխաներին։

Տեքստում ընդգծվում է միասնական մշակույթի ներդրման հարցը, որը կընդգրկի խմբավորման բոլոր անդամներին, նաև կարևորվում է կազմակերպության ինքնաբավության հարցը, ինչին պետք է հասնել սեփական ռազմական ու սննդամթերքի գործարաններ ստեղծելու միջոցով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել