2016 թվականի բյուջեի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հայտարարեց, թե դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին:
Ըստ Բիշարյանի՝ այս տարի ակնհայտ մեծացել է արտաքին պարտքը և պակասել են տրանսվերտները: «ՀՀ-ում ներդրումներ չեն ցանկանում անել ո՛չ տեղական, ո՛չ օտարերկրյա ներդրողները, պակասել են նաև տրանսֆերտները: Հուսանք պառլամենտական համակարգի դեպքում այս պատկերը կփոխվի, քանի «այո»-ի քարոզիչները պնդում էին, որ ամեն բանում Սահմանադրությունն է մեղավոր»,- ասաց նա:
ՕԵԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այսօրվա կայուն մեծամասնությունը չի կարողանում լուծել երկրում «վխտացող խնդիրները»: «Տեսնեք փոփոխությունից հետո ինչպես կլուծի ապագա կայուն մեծամասնությունը: Բոլորի համար պարզ է, որ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար 2016 թ-ին ավելացվելու է պետական պարտքը»,- ասաց Բիշարյանը:
ՀՅԴ անունից խոսեց Աղվան Վարդանյանը, ով հայտարարեց, թե, ըստ էության, որևէ դրական փոփոխություն բյուջեն չի նախատեսում: Ըստ այդմ էլ նշեց, որ կողմ չեն քվեարկելու այս բյուջեին:
Ըստ նրա, իհարկե գլոբալ վիճակը չեն կարող շրջանցել, բայց ներքին ռեսուրսներն էլ չեն կարողանում օգտագործել:
«Մենք ունենք իրավիճակ, երբ համակերպվում ենք, սա այն շեմն է, որից պետք երկու ճանապարհ լինի, որ բոլորս ձգենք գոտիները, աշխատենք արդյունավետությամբ, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, մյուսն էլ ձև անենք, թե դա ենք անում, բայց իրականում իշխանությունը շարունակելու մարտավարությամբ գնանք»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն ընդգծեց, թե գնահատական չի տա, փոխարենը պետք է ժամանակ տալ, արդյոք կառավարությունն ունակ է երկիրը արմատական փոփոխությունների ճանապարհով տանել:
«Եթե հաջորդ տարի էլի գալու ենք, որ ասենք «էս ա, ճար չկա», ուրեմն մենք կառավարման խնդիր ունենք: Այո՛, եկամուտները նվազում են, բայց արդյոք նվազում են նաև իշխանության ներկայացուցիչների բիզնեսով զբաղվողների եկամուտները, դա էլ պետք է վերլուծության առիթ տա: Բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու դեպքում կարող ենք հաջորդ տարի իսկապես վիճակ փոխել: Այս պատճառով վերջնական գնահատական չենք տալիս, բայց ակնհայտ է, որպես խմբակցություն, մենք կողմ չենք քվեարկելու այս բյուջեին»,- ասաց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, թե ԲՀԿ-ն կողմ կքվեարկի բյուջեի նախագծին:
Ըստ նրա, տնտեսական նման վիճակի համար օբյեկտիվ պատճառներ կան, որոնք պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության հետ: «Ֆինանսների նախարարությունը գլուխը կախ աշխատում է, և ինքը հասել է արդյունավետ վարչարարության, եկեք արձանագրենք սա»,-ասաց նա և հորդորեց պատգամավորներին աշխատել բովանդակային, այլ ոչ թե սեփական PR-ի համար:
Միքայել Մելքումյանը նշեց, թե բյուջեի նախագծում ընդունվել է ԲՀԿ-ի առաջարկների 70 տոկոսը: «ԲՀԿ-ն հավատարիմ է մնում իր ծրագրային դրույթներին և շանս է տալիս Կառավարությանը և բացի ԱԺ մեծամասնությունից և մի քաղաքական ուժի կողմից «այո» է տալիս, որպեսզի եկող տարի կառավարությունն ունենա հուսալի հենարան»,- նշեց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/08/bisharyan-heghine/1868314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



