tribunastan-margvelashviliGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին իր որոշումը պարզաբանել է՝ հիմնավորելով Սահմանադրության պահանջով:
«Ես չէի կարող Սահմանադրությունը խախտել հանուն քաղաքական մանևրի։ Այս երկրում կան օրենքներ, որոնց ես հետևում եմ»,- ասել է նա։ Մարգվելաշվիլին Սաակաշվիլուն նաև քննադատել է այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար:
«Երբ դու երկու անգամ եղել ես Վրաստանի նախագահ և երկու անգամ եղել ես այս երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, այս երկրի անունից պարզել ես Վրաստանի դրոշը, ապա պարտավոր ես հարգել այս երկրի քաղաքացիությունը։
Տհաճ է, որ Վրաստանը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես երկիր, որում երկու անգամ նախագահ եղած անձը հրաժարվել է քաղաքացիությունից»,- նշել է Վրաստանի գործող նախագահը։
Մարգվելաշվիլին Սաակաշվիլուն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանը ստորագրել է դեկտեմբերի 4-ին՝ պայմանավորված նրանով, որ Սաակաշվիլին հուլիսին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել