Times.am-ը գրում է.
Ցավում եմ, որ պարոն Ր. Հովհաննիսյանը, լինելով փորձառու քաղաքական և հասարակական գործիչ, անպատասխանատու հայտարարություն է հնչեցրել: Այս մասին, Times.am֊ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է պաշտպանական գերատեսչությունում ընկալվել «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից մեկի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության» հրապարակում հնչեցրած հայտարարությունները։
«Զինծառայողները հանրաքվեի մասնակցել են առանց որևէ ուղղորդման, ավելին զինծառայողները վաղուց անգամ ընտրատեղամասեր են ժամանում կանոնադրության համաձայն, ուղեկցող սպաների ներկայությամբ, առանց շարքի, քաղաքացիականների հետ միասին ազատորեն քվեարկում են: ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ որևէ խախտման դեպք չի ներկայացվել և չի արձանագրվել, այն ժամանակ, երբ դրանք գրանցելու տեխնիկական հնարավորությունները բազմապատիկ էին», ֊ ասել է Ա. Հովհաննիսյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նաև նշել է, որ զինծառայողների, մասնավորապես ժամկետային պարտադիր զինծառայողների և հրամանատարության գերակշիռ մեծամասնությունը, առհասարակ չի մասնակցել ընտրություններին ելնելով սահմանային բարդ ու լարված իրավիճակից: «Նրանք հրամանատարների զգալի մասի հետ կատարել են իրենց պարտքը, դրանով իսկ ապահովելով քաղաքական ու հասարակական գործիչների արտահայտվելու հնարավորությունը: ՀՀ ԶՈւ-երի ղեկավարության և ՊՆ Սեյրան Օհանյանի ուշադրությունը առաջին հերթին կենտրանացած է սահմանային ծառայության վրա:
Կրկին ցավում ենք, որ հանրաքվեին մասնակցությունը և մասնակցությունը զինվորների հուղարկավորություններին բարոյական համաչափությունների մեջ է դիտարկվում», ֊ եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել