«Արջամուկի օրը» կամ կրկին ոչինչ չի փոխվում... Բոլորս հիշում ենք հրաշալի և փիլիսոփայական մեծ իմաստ կրող այդ ամերիկյան ֆիլմը՝ «Արջամուկի օրը» («День сурка»)՝ հանրահայտ դերասան Բիլ Մյուրեյի փայլուն դերակատարմամբ: Ֆիլմի հերոսն ամեն առավոտ արթնանում էր զարթուցիչի նույն երաժշտության ներքո և հայտնաբերում, որ կրկին հայտնվել է բառացիորեն նույն օրվա մեջ՝ նույն տեղում, կյանքի նույն ժամանակահատվածում, և այդ իսկ պատճառով, բնականաբար, պարտադրված է այդ օրվա ընթացքում մեխանիկորեն կատարել նույն գործողությունները, ինչ որ կատարում էր նախորդ օրերին: Բայց ի վերջո, օրից օր կրկնվող այդ միապաղաղությունից և երկար դեգերումներից հետո ֆիլմի հերոսը կարողանում է հավաքել իրեն, ներուժ գտնել իր մեջ, քրտնաջան աշխատել իր վրա և վերափոխվել՝ բառացիորեն իմաստավորելով իր կյանքն ու դուրս պրծնել վերջապես այդ փակ շրջանից: Դրա արդյունքում մի գեղեցիկ օր էլ նա արթնանում է նոր օրում՝ ազատվելով «նախորդ օրվա գերության» տաղտկալի սինդրոմից:
Հիմա վերադառնանք մեր իրականություն՝ մեր երկրի այսօրվա ցավոտ խնդիրներին: Արդյո՞ք մենք՝ հայերս, կկարողանանք ի վերջո դուրս գալ այս մշտապես կրկնվող քսանամյա խորը ճգնաժամային փակ շրջանից, արդյո՞ք մենք ուժ կգտնենք վերափոխել ինքներս մեզ: Կդառնանք արդյո՞ք պետականության գաղափարը կրող և դրա համար համապատասխան կարողություններով օժտված ազգ, թե՞ այսպես էլ հավերժ կմնանք ստրկական և թայֆայական նեղ մտածելակերպով նյութապաշտ մի ամբոխ, որն ամեն անգամ դատապարտված է արթնանալ նույն օրվա մեջ, ինչպես «Արջամուկի օրը» ֆիլմի Բիլ Մյուրեյի վերոնշված հերոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել