Tert.am-ը գրում է.

Այո՛, Հայաստանի բուհերում  կա արտագրություն՝ պլագիատ կամ գրագողություն երևույթը, բայց սա ոչ թե հայաստանյան, այլ համաշխարհային երևույթ է:  Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայնեց, բայցև նշեց, որ տարբերությունն այն է, որ այնտեղ կրկնության դեպքեր գտնում են, ինչպես օրինակ՝ Հարվարդում կամ Գերմանիայում, որտեղ անգամ մի նախարար հրաժարական տվեց:

«Ինչո՞ւ մամուլում չկան նյութեր, որ այս կամ այն ուսանողին բռնացրել են»,-հարցրեց Թևան Պողոսյանը՝ մանրմասնելով՝ ինչո՞ւ Հայաստանում դա չի դառնում սկանդալ,  որ մեզ մոտ էլ գիտակցվի, որ դա «լավտղայություն չէ»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ արտագրող ուսանողը, նախ, խաբում է իրեն.  ո՛չ բուհին, ո՛չ նախարարին, այլ ինքն իրեն, հետևաբար, այդ արատավոր շրջանը ճեղքելու համար ուսանողի մոտ կրթության նկատմամբ մոտիվացիոն ազդակների ուժեղացում է:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետք է աշխատի պարզունակ, բայց էֆեկտիվ բանաձևը. «Ու ուսանողն իմանա, որ կրթությունն իր ապագայի բացառիկ երաշխիքն է»։

«Լա՛վ, բռնեցինք քսան ուսանողի, որ համացանցից քաշել են նույն ռեֆերատը... Հաշվի առնենք, որ Հարվարդը Հարվարդ է և այնտեղ ցանկացած սկանդալ դառնում է մամուլի նյութ, մեր պարագայում նման համալսարաններ չունենք,-ասաց Արմեն Աշոտյանը:

Պատասխանելով կրթության որակի մասին Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ԿԳ նախարարը նշեց, որ Եվրոպայում ամենամեծ ՀՆԱ ունեցող Նորվեգիայի, որն իր աշակերտի կրթության համար յոթն անգամ շատ է ծախսում, կրթության նույն որակն է արձանագրվել, ինչ Հայաստանում:

Ամփոփելով խոսքը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ոլորտում «Հայկական հրաշք»  չի սպասվում: Այսինքն՝ աճի տեղ կա, բայց այն բեկումնային չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել