Երեկվա հանրաքվեի վերաբերյալ բավականին բուռն էմոցիաներ էին կուտակվել և շարունակում են կուտակվել իմ ներսում, բայց քանի որ էմոցիաները քաղաքական և քաղաքացիական կյանքում ամենավատ խորհրդատուն են, որևէ գրառում անելուց զերծ եմ մնացել մինչ այս պահը։
Երեկ մեր կազմակերպության սուղ միջոցներով դիտարկել ենք շուրջ 100 ընտրական տեղամաս, ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, մասնակցել ենք մի շարք տեղամասերի քվեաթերթիկների հաշվման գործընթացին։ Առավոտյան ժամը 9-ից մեր կողմից հավատարմագրված դիտորդներն ու մեր կայքի թղթակիցները մեծ ծավալի աշխատանք են իրականացրել, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը։
Զերծ կմնամ որևէ հուզական կամ պաթոսային գնահատականներից, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ արձանագրել, որ երեկ մեր երկրում ավելացան քաղաքացիական գիտակցությամբ օժտված քաղաքացիները։ Քաղաքացիական հասարակությունն ապացուցեց, որ բավականին մեծ առաջընթաց է գրանցել այս տարիների ընթացքում, և վերջին մի քանի ժամերի ընթացքում հայ ազգի մասին հավաքական գնահատականներ հնչեցնողների կարծիքը, մեղմ ասած, չեմ կիսում։
Անկախ ամեն ինչից՝ երեկ տեղի ունեցած կեղծիքներն արվել են մեր քաղաքացիների մասնակցությամբ, և մենք բոլորս ոչ թե պետք է ազգն անիծենք և հայհոյանքներով փորձենք ապացուցել մեր «ընտրյալ» լինելը, այլ պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր ազգի այդ հատվածին զերծ պահենք նմանատիպ կեղտոտ խաղերի մեջ թաթախվելուց։ Վստահ եմ՝ հնարավոր է։

Հ.Գ. Քաղաքական ուժերի կատարյալ անգործության մասին առիթ կլինի խոսելու, բայց հիմա ավելի շատ տեղի ունեցածը վերլուծելու, կատարվածի իրական պատճառները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու ժամանակն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել