Առաջին հերթին նրանք ՀՀ քաղաքացի ենՀայաստանի կլոնավորման ռազմավարական ծրագրի ղեկավար Ռուբեն Ֆետյանը դիմել է ԶԼՄ-ներին և լրագրողներին բաց նամակով: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Հարգելի լրագրողներ`
Համացանցում տարածվում են նկարներ, որոնց վրա տեսնում ենք, թե ինչպես է ընտրողը իբրև երկրորդ անգամ քվեարկում: Թյուրիմացություններից և սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար իմ պարտքն եմ համարում բոլորին տեղեկացնել, որ ոչ մի կրկնակի քվեարկություն տեղի չի ունեցել` ամեն ինչ կատարվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն: Լուսանկարներում պատկերված մարդիկ պարզապես կլոններ են: Հայաստանը արդեն մի քանի տարի է իրականացնում է կլոնավորման գաղտնի ծրագիր, սակայն այն հույժ գաղտնի է պահվում: Բանն այն է, որ Եվրոպան և միջազգային մի շարք կառուցներ արգելք են դրել նման հետազոտությունների վրա, քանի որ դեռևս պատրաստ չեն ընդունել գիտության բնականոն զարգացումը:
Դիմելով ձեր խղճին, խնդրում եմ չտարածել այդ լուսանկարները, քանի որ մեր կլոնները տեղյակ չեն, որ կլոն են: Եթե նրանք պատահաբար տեսնեն այդ լուսանկարները, հետևանքները անդառնալի կլինեն` հնարավոր են հոգեբանական խնդիրներ կամ էլ ավելի անկանխատեսելի զարգացումներ: Հասկանում եմ, որ մեր հասարակությունում դեռ չկա կլոնների այսպես կոչված outing-ի կամ բացահայտման մասին բավականաչափ տեղեկություն կամ ձևավորված մշակույթ, սակայն խնդրում եմ վերաբերվել նրանց ինչպես ցանկացած այլ ՀՀ քաղաքացու: Նրանց բացահայտումը կդիտարկվի որպես անձնական կյանքի միջամտություն և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում:
Կրկին հայցում եմ ներողամիտ և գթասիրտ գտնվել և չտարածել այս լուսանկարները:
Հարգանքով`
Ռուբեն Ֆետյան
Հայաստանի կլոնավորման ռազմավարական ծրագրի ղեկավար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել