Միգուցե մեր ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ մեր կողքին ու մեզ հետ ապրող, շնչող մարդկանց անհատական երկրաշարժերն ու փլուզումները չենք տեսնում, նրանց համար նստացույցի ու պիկետների չենք գնում... բայց ահա Փակ Շուկան կամ Մաշտոցի այգին ավելին արժեն, քան ամեն մի ոք համաքաղաքացի, որոնց հոգեկան ամբողջ աշխարհներ են կործանվել... Սովորել ենք նման բաների ականատես լինել ու արհամարհել ու կողքով անցնել' կարծելով, իր բաժին բախտն է, կերավ-ընկավ այս մարդ արարածը, իսկ ես առաջ եմ գնալու, ինձ նրա կործանումը միայն հուշում է ինչպես և որտեղից գտնել ինձ մի նոր ուժ, նոր եռանդ...

Քայլում ենք դիակների վրայով, հայ օջախի գաղափարի դիակի վրայով, մեր անհատական և ամբողջային ներաշխարհների ցեղասպանությունների ու երկրաշարժերի անդունդային ճեղքերի վրայով, սակայն կառչում նյութական ամեն տեսակ անհատական կամ ամբողջային ինչքից, որ ինքներս մեզ համոզենք, թե հայ ենք մնում, հայրենասեր ենք մնում... Երկիրն ուղեղաթափ է եղել սոսկալի մի մակարդակով, արժեքային ամբողջ համակարգ է տապալվել, հարուստներ ու աղքատներ են դարձել նույն կերպ աշխարհ եկած ու նույն կերպ այն աշխարհ գնացող մարդիկ...

Երանի ամեն աղավաղվելիք շենքի քարին կառչողը Հայաստանից հերթական հեռացողից կառչեր, նույն սիրով ու նվիրվածությամբ, առանց մեղադրանքների ու պարսավանքի... Երանի ամեն աղավաղվելիք շինության քարի վրա լացողը նույն կերպ կսկիծով լար իր կողքին հերթական սով ու սոցիալական պայմաններից անճանաչելիորեն աղավաղված հայրենակցի հոգսերի վրա...

Փորձում ենք փրկել շենքեր ու անտառներ "ապագա" սերունդների համար այն դեպքում, երբ ավելի տրամաբանական կլիներ փրկել ՆԵՐԿԱՅՈՒՄ ապրող, շնչող հայրենակցին, որ վերջինս ու վերջիններիցս կազմված բանակը ավելի շենքեր կառուցեր ու անտառներ տնկեր... Կրկին պտտվում ենք մի անվի մեջ, որի շրջանակը մեր բնակավայրն է... ապրում ենք այդ անվի մեջ' դրսի անտեսանելի վտանգներից պաշտպանվելու ու գոյատևելու համար... Իսկ հարկ է անվից դուրս գալ, տեսնել իրական չարիքները դեմ հանդիման ու պայքարել այնպես, որ այսուհետև ապրենք և ոչ գոյատևենք... Կախվել ենք անցյալից, որ իբր փրկենք ապագան, իսկ ՆԵՐԿԱՆ' իր սահմռկեցուցիչ դաժան իրականությամբ, թողել ենք անվից դուրս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել