Ամեն անգամ, երբ Դուք քնով եք ընկնում, Ձեր ուղեղը շարունակում է գործել ու միանգամից մի քանի կարևոր ֆունկցիաներ է անում. լիցքավորում է իր «մարտկոցները», ամրագրում է հիշողության մեջ այն ամենը, ինչ ապրել եք ու սովորել եք օրվա ընթացքում (այդ թվում փորձելով ձերբազատվել ամենատհաճ հիշողություններից) ու, վերջապես, կազմակերպում է մեզ համար ունիկալ «կինոսեանսներ»՝ երազներ։
BBC Future-ը պատմել է, թե ինչ է կատարվում քնի տարբեր փուլերում։
1-ին ժամը քնով անցնելուց հետո. արագ քնի փուլ
Երբ մենք սկսում ենք քնել, մեր մարմինն «անջատվում է», ու սկսվում է յուրահատուկ պարալիչ, որն ապահովում է հանգստի վիճակը։ Այս փուլում ուղեղը սկսում է նախապատրաստել օրգանիզմը քնին՝ մեկը մյուսից հետո անջատելով ակտիվության կենտրոնները։ Սակայն երբեմն լինում է այնպես, որ գործընթացը խաթարվում է՝ առաջացնելով տհաճ զգացողություններ։ Օրինակ՝ այսպես կոչված «Պայթող գլխի սինդրոմն» առաջանում է, երբ ձայների վերամշակման համար պատասխանատու գոտիներն անսպասելիորեն ակտիվանում են, և մարդուն թվում է, որ իր ուղեղի բոլոր բջիջները միաժամանակ կրակում են՝ գլխի մեջ ստեղծելով պայթյունի զգացողություն։

Մեկ այլ տարածված շեղում էլ կա, որի ժամանակ մարդուն թվում է, թե ինքը քնած չէ, բայց չի կարողանում շարժվել։ Ի դեպ, այս երկու շեղումներն էլ կարող են բացատրել գերբնական տեսիլքները, երբ մարդիկ հայտարարում են, որ ուրվականների ու այլմոլորակայինների են տեսել։
Հովհան Ֆյուսլիի հայտնի «Գիշերային մղձավանջ» կտավը, 1781 թ.

2-րդ ժամ. ընկղմում ամենախորը քնի մեջ
Եթե 12 օր շարունակ քնեք միայն 6 ժամ, ապա կսկսվի քնային «հարբածություն», և մարդու մոտ կսկսվի մի վիճակ, որը լինում է իրական ալկոհոլային հարբածության ժամանակ։ Այսինքն՝ նրա մոտ կսկսվի լեզուն կապ ընկնել, և խնդիրներ կառաջանան հիշողության և կոորդինացիայի հետ։
3-րդ ժամ. վերադարձ նախնական նինջի վիճակին
Հենց այս ժամանակ էլ, որպես կանոն, մենք սկսում ենք երազներ տեսնել։ Հաճախ դրանք խճճված և քաոտիկ են լինում, ու դա նշան է նրա, որ Ձեր ուղեղն ի մի է բերում ջլատված մտքերն ու հիշողությունները՝ փորձելով դրանք ամրագրել հիշողության մեջ։
Հենց սա էլ բացատրում է, թե ինչու են հալյուցինացիաներ առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր երկար չեն քնել։ Երբ ուղեղը հնարավորություն չունի կազմակերպել հիշողությունները քնած ժամանակ, գիշերային երազները սկսվում են իրականում ի հայտ գալ, և մարդը դժվարանում է տարբերել մտացածինն իրականից։
«Նռան շուրջ մեղվի թռիչքից ծնված երազն արթնանալուց վայրկյան առաջ», Սալվադոր Դալի, 1944 թ.

5-րդ ժամ. խորը քնի ավարտ, թեթև քուն
Սա իսկը լուսնոտների ժամն է։ Լուսնոտությունը հազվադեպ է հանդիպում և տարածված է սովորաբար հոգեկան հիվանդություններ ունեցող երիտասարդ մարդկանց մոտ։ Այն կարող է նաև ժառանգաբար փոխանցվել։ Հավանականությունը, որ մարդը կարող է լուսնոտ լինել, 10 անգամ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ում մերձավոր հարազատների մեջ կան այդպիսիք։
Լուսնոտները հաճախ խոսում են քնի մեջ ու անգամ կարող են պատասխանել հարցերին, երկխոսություն վարել։ Սովորաբար նրանք չեն հիշում, թե ինչ էին խոսում ու անում քնած ժամանակ։

6-րդ ժամ. ամենախորը, դանդաղ քունը
Սա ամենակարևոր ժամն է հիշողության անխափան գործունեության համար և, առհասարակ, կարևորագույն պատճառներից մեկը, թե ինչու է պետք քնել. ուղեղի էլեկտրական դանդաղ տատանումները թույլ են տալիս միավորել ու կարգավորել հիշողությունները նախորդ օրվա մասին։ Բացի դրանից, դանդաղ քնի ժամանակ մեղմվում են այն տհաճ ու ցավագին դրվագները, որոնք մենք ունեցել ենք, ու հնարավոր է դառնում մաքրել գլուխը դրանցից։
7-րդ ժամ. կրկին արագ քուն և երազներ
Գիշերվա ընթացքում արագ քնի փուլերն ավելի ու ավելի երկարում են, ուստի ավելի լավ են հիշվում այն երազները, որոնք մենք տեսնում ենք լուսադեմին։ Ու հենց այդ ժամանակ էլ, ըստ երևույթին, մենք մղձավանջներ ենք տեսնում։
Ֆրանսիսկո Գոյայի լեգենդար «Բանականության քունը հրեշների է ծնում» նկարը, մոտավորապես 1799 թ.

8 ժամ քնելուց հետո
Լիարժեք գիշերային քունն օգնում է բարելավել տրամադրությունն ու լավացնել հիշողությունը։ Ըստ էության, Դուք պետք է արթնանաք քնի ամեն թեթև փուլից հետո, այդ ժամանակ Ձեզ համար ավելի հեշտ կլինի վեր կենալ, և Դուք ավելի կայտառ ու թարմ կլինեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



