Tert.am-ը գրում է.
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա թեմայով հրավիրված ասուլիսին քաղաքագետ Արամ Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ Թուրքիան կարող է օգտագործել ԼՂ ճակատը՝ պատերազմ հրահրելով և ՌԴ-ին ներքաշելով:

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի իշխանությունները նույն Ադրբեջանում հայտարարություններ հնչեցրեցին, ուստիև ՀՀ-ն պետք է պատրաստ լինի, որ միգուցե նման քայլեր ձեռնարկեն ՀՀ-ի հարավային սահմանի մոտ:  «Ամեն դեպքում պետք է պատրաստ լինել նման քայլերի»,- ասաց նա:


Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն էլ հայտնվել է վատ իրավիճակում, այսպես ասած, երկու քարի արանքում ՝ ՌԴ-ի և Թուրքիայի:


«Բնականաբար Ադրբեջանն աջակցելու է Թուրքիային, բայց հրապարակավ կողմերից մեկին ամբողջությամբ նախապատվություն տալ չի կարող, քանի որ ՌԴ-ն կոշտ քայլերի կգնա, ուստի Ադրբեջանը փորձելու է խուսափել հրապարակավ ՌԴ-ին քննադատելուց և հրապարակավ Թուրքիային աջակցելուց»,- ասաց նա:


Արամ Մանուկյանը սակայն հավելեց, որ աջակցություն Թուրքիային այդուհանդերձ կա. «Օրինակ՝ թուրքական  բեռնատարների մուտքը հեշտացրել է»:


Քաղաքագետը ամփոփեց, որ ռուս-թուրքական հակասությունները տևական ժամանակշրջան կընդգրկեն: «Առայժմ կողմերը պահպանում են անզիջում դիրքորոշումը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել