(12 փետրվար, 1935 – 18 դեկտեմբեր, 2002)
Ծնվել է Լոռու մարզի Ահնիձոր գյուղում: 1962թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1967թ.` Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1996-2001թթ եղել է Հայաստանի Գրողների միության նախագահը: Առաջին գործը եղել է «Ահնիձոր» ակնարկը, իսկ ժողովածուն` «Օգոստոսը», որը լույս է տեսել 1967թ.: 1978թ. տպագրել է «Ծառերը» ժողովածուն, «Մենք ենք, մեր սարերը», «Կենդանին ու մեռյալը», «Ծառերը», «Աշնան արև» և այլ գործեր, հետագայում` «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կանաչ դաշտը» պատմվածքները, «Գոմեշը», «Տերը», «Անձրևած ամպեր» վիպակները: «Մեր վազքը»
(1978թ.) մանկապատանեկան ժողովածուի մեջ հավատարիմ է կյանքի արժեքների գնահատմանը: Արձակագրի երկերի հիման վրա և նրա սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Օգոստոս» (1976թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1984թ.) գեղարվեստական կինոնկարները: «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1983թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր բեմադրվել են թատրոնում: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզուներով: «Քո տոհմը» ժողովածուն 1984թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1996թ. պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: 2004թ. Հայաստանի Գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել է դպրոց և փողոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել