Exclusive
Արևիկ Ուդումյանին հանդիպեցի երևանյան սրճարաններից մեկում։ Վերջին շրջանում հաղորդավարուհին «անհասանելի» է դարձել լրատվամիջոցների համար, զրույցի ընթացքում հասկացա, որ հիմա նա ցանկանում է ամեն վայրկյանն անցկացնել իր նորաստեղծ ընտանիքում, ինչն էլ դարձել է նրա «մեկուսացման» պատճառը։ Արևիկի երջանկությունն ակնհայտ էր, այսքան խաղաղ նրան դեռ չէի տեսել։) Ամուսնությունից հետո նա իր առաջին հարցազրույցը վստահել է BlogNews-ին ու հետաքրքիր բացահայտումներ արել մեր ընթերցողների համար։
-Արևիկ, ամիսներ առաջ ամուսնացար, սակայն ո՛չ դրան նախորդող շրջանում, ո՛չ ամուսնությունից հետո հարցազրույց չէիր տալիս, ինչո՞վ էր պայմանավորված տևական լռությունդ։
-Պատճառն ամուսնությունս էր. մինչ այդ՝ նախաամուսնական պատրաստությունները, հետո՝ ամուսնական կյանքս վայելելու հասարակ ցանկությունս։ Այս ոլորտի մարդու համար դա գուցե մի քիչ շռայլություն է, սակայն յուրաքանչյուր հարցազրույց էմոցիա և ժամանակ է տանում, իսկ ես չէի ցանկանում ժամանակս որևէ այլ բանի վրա ծախսել։ Բացառությունը միայն աշխատանքիս էր վերաբերում, որովհետև տեսակով «գերազանցիկ» եմ, գործս երբեք չի տուժում։
- Հիմա բոլոր էմոցիաներդ տվել ես ընտանիքիդ։ Ի՞նչ է փոխվել կյանքումդ ամուսնությունից հետո։
-Մի կողմից կարող եմ ասել, որ շատ բան է փոխվել, մյուս կողմից՝ ոչ այնքան՝ այն իմաստով, որ ամուսնուս մեջ գրեթե ոչ մի նոր բան չեմ բացահայտել։ Միգուցե դա մինչ ամուսնությունն իմ ու Արամի շփումից է եղել, մենք ոչ մի հարցում չենք փորձել իրար ցույց տալ ավելին, խաբել, շփվել ենք բաց և իրական։
Մարդիկ շատ են ասում, թե ամուսնանալուց հետո կենցաղը փոխում է, թե այ, ամուսնանում ես, լրիվ ուրիշ է։ Այո, հիմա լրիվ ուրիշ է, բայց դրական առումով։
Ես արդեն հասկանում եմ բոլոր այն կանանց, ովքեր իրենց օրը ծախսում են ոչ միայն իրենց վրա, այլև տան, խոհանոցի, կենցաղի։ Ինձ մոտ այն շրջանն է, երբ այս ամենն անում եմ մեծագույն հաճույքով։ Փոքրիկ հաղթանակս, օրինակ, խոհանոցում, կարող է շատ երջանկացնել ինձ։ Իմ սիրելի Էքզյուպերիի փոքրիկ քայլերի արվեստն է, երբ փոքրիկ քայլերով երջանկանում ես։ Իհարկե, նաև այնքան սթափ եմ, որ հասկանում եմ՝ տարիներ անց չեմ կարող ամեն բան նույնքան հաճույքով անել, բայց հուսով եմ՝ տան և խոհանոցի հանդեպ սերս կմնա։
-Մինչև  ամուսնությունդ կենցաղային հարցերով զբաղվե՞լ ես։
-Երբեք։ Ես տան փոքրն եմ, մայրս և ավագ քույրերս տան լավ տնտեսուհիներ են և, կարելի է ասել, այդ առումով ինձ երես են տվել։ Երբ ընտանիքիս անդամները տեսնում են, թե ինչ սիրով եմ զբաղվում տնով, զարմանում են։ Այն ժամանակ իմ ամբողջ էներգիան ծախսում էի աշխատանքիս վրա, հիմա լրիվ ուրիշ է։
-Արևիկ, հայրական ընտանիքից առանձին եք ապրում։ Որքանո՞վ ես կարևորում դա նորաստեղծ ընտանիքի համար։
- Իհարկե, կարևորում եմ առանձին ապրելը, որովհետև նորաստեղծ մինի ընտանիքը պետք է փորձի իր ինքնուրույն քայլերն անել։ Մենք հիմա մեր աշխարհն ենք ստեղծում մեր անկյունում։
- Որքան էլ զույգը սիրի իրար, կենցաղ կիսելու փուլում առաջ է գալիս ադապտացիայի խնդիր։ 18 տարեկան մարդը շատ ավելի հեշտ է ադապտանում նոր կարգավիճակին, քան արդեն կայացած, որոշակի ճանապարհ անցած մարդը։ Քեզ մոտ ինչպե՞ս եղավ ինտեգրման փուլը։
-Կարծում եմ՝ ամուսնության ամենադժվար տարիքը միջինն է (25 տարեկան)։ Քանի որ ես միջինից էլ եմ մի քիչ անցել, ինձ մոտ այն շրջանն է, երբ ավելի հանգիստ ու քիչ պրոբլեմատիկ ես դառնում։ Միգուցե ուղղակի ինձ մոտ է այդպես։ Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև Արամի գործոնը։
Ադապտացիայի հարցում շատ կարևոր է զույգի դերը։ Մեր ամուսնության պահից ես ընդունել եմ մի բան, որը գնալով ավելի է ամրապնդվել՝ իմ ամուսինն այն մարդն է, ում ես պետք է զիջեմ։ Եթե այդպես չմտածեի, խնդիրներ շատ կլինեին։ Իհարկե, յուրաքանչյուր տեսակ դրա վերաբերյալ ունի իր վերաբերմունքը, մեկը կարող է առիթավորվել, մյուսը՝ ոչ։ Իմ ամուսնու տեսակն այնպիսին է, որ ինչքան ավելի եմ ես ընդունում նրա գերակայությունը, այդքան ավելի են լավանում մեր հարաբերությունները։
-Ամեն դեպքում յուրաքանչյուր ընտանիքում լինում են կոնֆլիկտներ։ Ձեզ մոտ ի՞նչը կարող է կոնֆլիկտային դառնալ։
- Ամուսնությունից հետո մենք շատ ավելի փափուկ դարձանք միմյանց համար։ Կենցաղային և նման խնդիրներ ընդհանրապես չկան։ Իհարկե, կան բաներ, որոնք ինձ կամ նրա համար անսովոր են, բայց փորձում ենք կատակով շտկել դրանք, և ստացվում է։ Մեզ մոտ կարող է ամենամեծ խնդիրն ընդհանրապես կոնֆլիկտ չդառնալ և, ինչպես  շատերի մոտ հաճախ լինում է, շատ փոքր բանը խոսակցության առիթ լինի։ Ամեն դեպքում դա այնքան շուտ է անցնում։ Ամուսնությունից հետո՝ շատ ավելի շուտ։ Հաճախ վախեցնող արտահայտություններ են ասում, թե ամուսնությունից հետո կոնֆլիկտները շատանում են, սակայն այդպես չէ։ Ճիշտ հակառակը՝ փոքրիկ խնդիրը շատ ավելի մեծ է դառնում, երբ իրարից հեռու եք։ Երբ մի տան մեջ եք, խնդիրը շատ շուտ է անցնում, ուզած-չուզած է անցնում, և խնդիրներն ավելի են փոքրանում, իհարկե, եթե կա սեր։
- Արամի ազդեցությամբ ի՞նչ թերություններ ես շտկել քո մեջ։
-Միգուցե բանավիճելուց լինել ավելի հանգիստ և ընդունել դիմացինի կարծիքը։
-Քեզ հետ շփվելիս ակնհայտ է, որ  երջանիկ ես։ Գալիս է մի պահ, երբ որքան էլ սիրես աշխատանքդ, մտածում ես ամբողջ ժամանակն ընտանիքիդ նվիրելու մասին։ Այդ զգացողությունը շա՞տ ես ունենում։
-Չէ, երկու պատճառով. նախ՝ տնային երջանկությունը լիարժեք է, երբ երկուսով ենք, իսկ ամուսինս աշխատում է և ամբողջ օրը տանը չի լինում, երկրորդ՝ շատ եմ սիրում հեռուստատեսությունը։ Եթե աշխատանքս շատ չսիրեի, հաստատ կունենայի այդպիսի ցանկություն։
-Իսկ պատրա՞ստ ես հանուն ընտանեկան երջանկության հրաժարվել աշխատանքային երջանկությունից։
-Այս դեպքում պետք է հասկանալ՝ ինչու։ Եթե խոսքը երեխա ունենալու և որոշ ժամանակ բացակայելու մասին է, իհարկե։ Յուրաքանչյուր սթափ կնոջ համար դա երջանկություն է, բայց ուղղակի հրաժարվել աշխատանքից և զբաղվել տնով, ոչ։ Այս ամենն ինձ դուր է գալիս, որովհետև ճիշտ օրակարգի մեջ է։ Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ դա ինձ դուր է գալիս որոշակի չափաբաժնով, բայց ոչ ամբողջ օրը։
-Ինչպես հասկացա՝ ընտանիքում, կենցաղում շատ ուրիշ ես։ Ըստ քեզ՝ որո՞նք են տարբերությունները։
-Հա, տանն ավելի փափուկ եմ։ Երբեմն գործընկերներս տեսնում են իմ ու Արամի շփումն ու նրան ասում՝ դու չես պատկերացնում՝ ինչպիսին է նա աշխատանքում։)
-Փաստորեն, ամուսնությունը քեզ շատ է փոխել։
-Հա։ Հիմա շատ հարցերի ավելի հանգիստ եմ նայում, հասկանում եմ, որ կարևորը դա չէ։ Երբ մարդը չի ունենում իր անձնական կյանքը, ինքնաբերաբար շատ է կենտրոնանում իր աշխատանքի վրա (եթե տեսակով աշխատող է), ինչը ոչ միշտ է լավ։ Հաճախ դառնում ես նյարդային և թերագնահատելուն մոտ նույնիսկ չասված յուրաքանչյուր բառ քո աշխատանքի հանդեպ կարող է քեզ հանել հունից։ Երբ ունես քո անձնական կյանքն ու զբաղվում ես սիրածդ աշխատանքով, ավելի հանգիստ խղճով ես դա անում, արդյունքն էլ ավելի լավն է լինում։ Իմ դեպքում փոփոխությունն ակնհայտ է։
-Քո և Արամի միջև կա տարիքային տարբերություն։ Դու նրանից մեծ ես։ Ինչպես հասկանում եմ՝ դա ձեզ չի խանգարոում, իսկ հարաբերությունների սկզբնական փուլում մտավախություն ունեի՞ր, որ գուցե այդ տարիքային տարբերությունը խանգարի։
-Իհարկե։ Երբ մենք ծանոթացանք, միակ մտավախությունս դա էր։ Ինձ մոտ շոկային վիճակ էր՝ վերջապես հանդիպել էի մարդու, ով ամեն ինչով ինձ գրավել էր ու դուր էր գալիս, ու ես այս խնդրի առաջ կանգնեցի, բայց դա տևեց շատ քիչ՝ ընդամենը օրեր։ Ես երկար ժամանակ փորձում էի հարաբերություններն առաջ չտանել, որովհետև մտածում էի, որ դա խնդիր է, բայց ընդամենը օրերի ընթացում Արամն իր պահելաձևով, տեսակով ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է։ Դրանից անցել է 2 տարի, և չի եղել մի վայրկյան, երբ ես հասկանամ, որ մենք ունենք տարիքային այդ տարբերությունը։
Երբեմն ինձ թվում է՝ հակառակն է, ես եմ իրենից փոքր։ Ինքն ինձանից շատ ավելի լուրջ է։ Միգուցե լինում են դեպքեր, երբ իրեն օգնում է, որ ես իր տարիքին չեմ, և իմ խորհուրդներն իրեն այլ են, իսկ իմ դեպքում՝ այդ կրակը, ուժը, որ կա նրա մեջ, ինձ շատ է օգնում, հուսով եմ՝ միշտ էլ այդպես կլինի։
-Մեր նախնական զրույցում ասացիր, որ չես ցանկանում՝ ձեր տանը ֆոտոշարք անենք, քանի որ տունը շատ անձնական անկյուն է։ Իսկ հաճա՞խ եք հյուրեր ունենում։
-Շատ հյուրեր ենք ունենում, ես ու Արամն այս հարցում երկուսս էլ շատ նման ենք, շատ հյուրասեր ենք և հաճախ ենք հյուրեր ունենում։ Հիմա ավելի քիչ ենք ուզում դուրս գալ, քանի որ ստեղծել ենք մեր տնային հարմարավետությունը և ուզում ենք վայելել դա։ Ամիսներ է՝ գրեթե ոչ մի միջոցառման չեմ գնացել։ Նունիսկ ալարկոտություն է դառնում մոտս, որը պետք է հաղթահարել։)
-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում ձեր ընտանեկան ժամանցը տանը։
-Ֆիլմեր ենք դիտում, ես փորձարարություններ եմ անում խոհանոցում։
-Արամը քեզ օգնո՞ւմ է կենցաղային հարցերում։
-Երբեմն օգնում է, մեկ-մեկ նրան նկատում եմ խոհանոցում, բայց հիմնականում ես եմ անում ամեն բան։
-Հաճա՞խ եք անակնկալներ մատուցում իրար։
-Ինչ-որ առիթների ժամանակ այո, սակայն տոներից դուրս այդքան էլ չէ։ Մենք այդ ռոմանտիկ զույգերից չենք։ Երկուսս էլ շատ ծանրաբեռնված ենք, դրա համար երևի ժամանակ է պետք։ Բացի այդ, հարաբերությունների մեջ մի պահ է գալիս, երբ ամեն բան շատ հանգիստ է լինում։ Մեզ մոտ հիմա շատ հանգիստ փուլ է։
- Ի դեպ, շատ խաղաղ տեսք ունես։
-Շատ ճիշտ բառ ասացիր՝ ես շատ եմ խաղաղվել։ Երբ հասկանում ես, որ ճիշտ ուղղությամբ ես գնում, խաղաղվում ես։ Արամը նույնիսկ ասում է՝ ինչ խաղաղ է քեզ հետ ապրելը։ Ինձ համար դա զարմանալի է, որովհետև տեսակով երբեք խաղաղ չեմ եղել, որ ինձ հետ ապրելը մարդուն խաղաղություն տա, բայց փաստորեն այդպես է։)
-Արևիկ, Սիրուշոյի հետ քո համագործակության դադարումը համընկավ անձնական կյանքումդ փոփոխության հետ։ Սիրուշոն ներկա չէր քո հարսանիքին, ինչը խոսակցությունների տեղիք տվեց, որ ձեր միջով սև կատու է անցել։ Ի՞նչն էր պատճառը, որ նա ներկա չէր հարսանիքիդ։
-Իրականում Սիրուշոն երկրում չէր։ Նա կար իմ հյուրերի ցանկում՝ առաջինների ու ամենասպասվածների մեջ էր, դրանում կասկած չկա։ Ես շատ կուզեի, որ նա ներկա լիներ, որովհետև շատ եմ սիրում նրան և իր ընտանիքը, ինձ համար նրանք շատ կարևոր տեղում են։ Ես այնքան բան եմ սովորել Սիրուշոյից, առավել ևս՝ ինքնատիրապետման հարցում։ Նա այնպիսի ունիկալ հատկություններ ունի, ինչպիսիք երկար կյանք անցած մարդիկ, միգուցե, չունեն։) Շատ եմ սիրում նրան։ Բնականաբար, կուզեի, որ գար, ինքն էլ էր ուզում ներկա լինել, սակայն երկրում չէր։
-Այսինքն՝ կապ պահո՞ւմ եք իրար հետ։
-Գուցե  մեր ազգի համար  դժվար է պատկերացնել, որ կարելի է միասին աշխատել, հետո չաշխատել  և ունենալ լավ հարաբերություններ, որովհետև մենք սիրում ենք ամեն ինչ պատմություն դարձնել, սակայն պետք է հիասթափեցնենք:) Մենք շատ լավ հարաբերություններ ենք պահպանել։
Արևիկի հետ խոսել ենք նաև աշխատանքի մասին։ Զրույցի երկրորդ մասը կներկայացնենք մի քանի օրից։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել